ԻՆՖԱՐԿՏ` ՇՏԱԲԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական հողի վրա առաջացած վեճի արդյունքում մարտի 25-ին ինֆարկտից մահացել է 52-ամյա Արսեն Մկրտչյանը: Վերջինս հեռուստացույցներ է, սարքում: Նրա զբաղեցրած տարածքը դուր է եկել թիվ 15 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Սեֆ ինտերնեյշն» ՍՊԸ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանին:
Իսկ ինչի՞ց է սկսվել վեճը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Թալինում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Արմեն Սարգսյանը մարտի 25-ին` ժամը 12-ի սահմաններում, գնացել է հեռուստացույց սարքող Արսենի «աշխատավայր», որպեսզի նրանից խնդրի այդ տարածքը տրամադրել իրեն` նախընտրական շտաբ բացելու համար: Կողմերը համաձայնության չեն եկել:
Արսեն Մկրտչյանի քեռու որդի Միշա Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հեռուստացույց սարքող Արսեն Մկրտչյանին պատկանող տարածքը նախապես վերանորոգել է, որպեսզի նախընտրական շտաբ բացի իր համար. «Բայց հետո որ չդրեց իր թեկնածությունը, Արսենն էլ էդտեղ հեռուստացույց էր սարքում ու մտածեց իր գործը կանի, քանի որ Մանուկյանին այլեւս այդ տարածքը պետք չէր: Բայց հետո գալիս ա մեկ այլ թեկնածու` Արմեն Սարգսյանը, ու ասում ա, թե ինքն է ուզում իր նախընտրական շտաբը էդտեղ բացի: Հետո ինչ-որ կողմերից սկսել են Արսենին համոզել, որ այդ տարածքը տա Արմենին` իր նախընտրական շտաբի համար»: Մահացածի բարեկամը չգիտի` ստիպել են Արսեն Մկրտչյանին, որ տարածքը տա, թե ոչ: «Ինչ են արել` չգիտեմ, բայց դեպքից մի երկու օր առաջ Արսենը եկել էր մեր տուն, հորս բողոքում էր, որ իրան սենց բաներ են ասում, տարածքն ուզում են»,-պատմեց Միշա Խաչատրյանը:
Տեղեկացանք նաեւ, որ Արսեն Մկրտչյանը մահվան օրը հանդիպել է թեկնածու Արմեն Սարգսյանի հորը, զրուցել նրա հետ տարածքի մասին ու հենց այդ ժամանակ էլ վատացել է: Արսենին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:
Փորձեցինք այս ամենի առնչությամբ մեկնաբանություն խնդրել նաեւ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մյուսներին առայժմ չհաջողվեց գտնել:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել` ՕԵԿ-ի կողմից Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, «Էյ-ի-Ջի» սերվիս ընկերության փականագործ Աշոտ Ճանճապանյանը, Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, Դաշնակցությունից` Գուրգեն Շահինյանը եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մկրտիչ Սափեյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս