Երբ լրատվամիջոցները բարձրաձայնում էին այն մասին, որ անօթեւանների բնակբաշխման գործընթացը հանրապետականները վերածելու են նախընտրական PR ակցիայի, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդյանը հորդորում էր հարցը չքաղաքականացնել: Հիշեցնենք, որ Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասի բնակարանները շահագործման էին հանձնվելու դեռեւս նախորդ տարեվերջին: Հետո հայտարարեցին, որ գործընթացը կկազմակերպվի հունվար-փետրվար ամիսներին` նախ բնակարանների վիճակահանությունը, ապա բուն բնակարանների հատկացումը: Սակայն արդեն պարզ է` մարտ ամսին էլ վիճակահանություն տեղի չի ունենա:
Մինչդեռ երեքսենյականոցների վիճակահանությունը պետք է ավարտված լիներ, իսկ մեկ եւ երկուսենյականոցներինը պետք է տեղի ունենար ապրիլ ամսին: Հիմա արդեն քաղաքաշինության նախարարությունը չի թաքցնում` գործընթացը տեղափոխվել է ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Ինչո՞ւ, արդյո՞ք հիմա էլ չպետք է մտածենք, որ այդ գործընթացը հանրապետականները շահարկելու են, բնակբաշխումն էլ շոուի են վերածելու եւ ամեն ինչ կապելու են ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի անվան հետ: Այս քաշքշուկը երկար տարիներ բնակարանի իրենց հերթին սպասած քաղաքացիներին սկսել է զայրացնել: Բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ անձամբ նախարարից պարզաբանում ստանալու համար եկել էին բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց հուզում էր` ինչու վիճակահանություն տեղի չի ունենում: «Փաստորեն, 22 տարի խաբեցին, համոզեցին ու սպասեցնել տվեցին, հիմա էլի կխաբեն: Արդեն քանի ամիս գուկան, կսեն մյուս ամիս տուն կուդանք, էս ամիս չեղավ, մյուս ամիս կուդանք: Ինչքա՞ն սպասենք»,-հարցնում էր անօթեւան Ռիմա Սարգսյանը: «Թող մեզ կոնկրետ օր ասեն, ամեն անգամ չգանք չհարցնենք: Կամ կոնկրետ բացատրեն, թե ինչ է տեղի ունենում»,-ասում էր նախարարի պարզաբանմանը սպասող մեկ այլ անօթեւան: Իսկ Վարդան Վարդանյանի պարզաբանումն անտրամաբանական ու ոչ համոզիչ էր. «Գյումրի քաղաքում 400-ից ավել բնակարանի խնդիր ունենք, եւ այդ հարցը մինչեւ վերջնականապես չորոշենք, թե այդ 400 բնակարանները մենք կառուցելո՞ւ ենք, թե՞ ԲԳՎ ծրագրի միջոցով ենք տալու, վիճակահանության հարցը ժամանակավորապես կդադարեցնենք»: Նախարարը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե վիճակահանությունն ինչ կերպ կարող է խանգարել գործընթացին:
Նշենք, որ կառավարության որոշմամբ անօթեւանների փաստաթղթերի ընդունման գործընթացը եւս կասեցվել է, եւ քաղաքաշինության նախարարությունը փաստաթղթային գործեր այլեւս չի ընդունում: Արդյունքում` 382 անօթեւաններ ընդհանրապես փաստաթղթեր չեն ներկայացրել, եւս 600 գործ թերի է: Եթե մինչեւ ընթացիկ ամսվա վերջն այդ անօթեւանները քաղաքաշինության նախարարություն չներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ծրագրից օգտվելու հնարավորություն չեն ունենա:
Բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ դարձյալ շատ անօթեւանների դիմումներ մերժվեցին: Պատճառաբանությունը հետեւյալն է. քաղաքացիները նախկինում ունեցել են սեփականություն եւ տարիների ընթացքում դրանք օտարել են: Մինչդեռ մերժում ստացածները պնդում են, որ նախարարության որոշումն անհիմն է` խոստանալով դատական կարգով բողոքարկել որոշումը: «Գիտեք, թե ինչպես են ապրում գյումրեցիները: Դատական քաշքշուկի մեջ ընկնելը հե՞շտ է, ամեն անգամ Երեւան գնալ-գալը ֆինանսի հետ է կապված, որի հնարավորությունը շատերը չունեն»,-նշեց անօթեւան Սիլվա Անտոնյանը: Մեկ ուրիշն էլ հավելեց, որ եթե իրեն բնակարան չհատկացնեն, ապա ընտանիքով կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից. «Ո՛չ նպաստ կուդան, ո՛չ թոշակ, բլած դոմիկի մեջ էլ կսեն գնա՛ ապրի ու արդեն 24 տարի»:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ` ՄԱՅԻՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ