«Մոսկվիչկա» սուպերմարկետը մեծ պարտքեր է կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի նախկին ոստիականապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը հայտնվել է ծանր իրավիճակում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն քանի ամիս է` սուպերմարկետը մի շարք ընկերությունների չի վճարել ստացված ապրանքի գումարը: Ու արդեն տևական ժամանակ է, ինչ սուպերմարկետին ապրանք մատակարարող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ չեն կարողանում հասկանալ, թե մինչեւ երբ է շարունակվելու այդ վիճակը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Մոսկվիչկա» սուպերմարկետի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ` պարզելու, թե ինչու է սուպերմարկետը հայտնվել նման իրավիճակում:

-Պարոն Նազարյան, ի±նչ է կատարվում «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում, ինչո՞ւ չեք վճարում Ձեզ ապրանք մատակարարող կազմակերպություններին:

-Ուրեմն ես որեւէ բան չունեմ թաքցնելու, ինչ-որ ժամանակ եղել է, որ թույլ առեւտրի պատճառով դեֆիցիտ է եղել, բայց կազմակերպությունը մոտ 10 օր առաջ վարկավորվել է ու վճարել ենք բոլորի պարտքերը: Այդ խնդիրն արդեն լուծվել է:

-Այսինքն, որեւէ մատակարար կազմակերպության հետ սուպերմարկետն այլեւս խնդիր չունի՞:

-Այո, ես վստահեցնում եմ, որ հարցն ամբողջությամբ լուծվել է: Ուղղակի չգիտեմ՝ որտեղից են անհիմն տեղեկություններ տարածվում, խնդիրն արդեն լուծվել է, ընկերությունն ինչ-որ ժամանակ վատ առեւտրի հետ կապված նման խնդրի առաջ էր կանգնել, իսկ այժմ էլ որեւէ նման խնդիր չկա: Ու չեմ կարծում, որ դա ինչ-որ խոսակցության կամ քննարկման առարկա պետք է հանդիսանար: Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ նման խնդիրներ լինում են, դա մեզ հետ կապված չէ, դա կապ ունի առեւտրի հետ: Իսկ եթե առեւտուր չի լինում, նման բանից խուսափելն անհնար է դառնում:

-Իսկ ինչի՞ հետ է կապված Ձեր սուպերմարկետների ցանցում սննդամթերքի թանկացումը: Գաղտնիք չէ, որ «Մոսկվիչկա»-ն գերթանկ սուպերմարկետ է ու ոչ բոլորը կարող են այդտեղից գնումներ կատարել: Թանկացումները կապ ունե՞ն պարտքերի հետ:

-Նման բան չկա, դրանք էլ ինչ-որ բամբասանքներ են: Եթե թանկացում կա, ապա դա նշանակում է, որ մատակարարն է թանկացրել, մատակարարի մոտ ինչ-որ մի բան թանկացել է, մենք էլ ավտոմատ թանկացրել ենք: Արհեստական որեւէ թանկացում չկա:

Սոնա Գրիգորյան




Լրահոս