ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՎԵՐԺ Է ԻՐ ՔԱՂԱՔԻ ՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանից իսկապես պրծում չկա: Առաջին անգամ նա  համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2001 թվականին, եւ ահա 11 տարի արտաշատցիներն ապրում են նրա «ղեկավարությամբ»` արդեն մտածելով, որ Գագիկ Մուրադյանն այս պաշտոնում հավերժ է` իր քաղաքի պես:
2011-ին, երբ այստեղ ընտրություններ էին, շատերը սպասում էին, որ հաղթելու է Վարդան Մնացականյանը, սակայն պատահեց այնպես, որ Գագիկ Մուրադյանն ընտրություններից մի քանի օր առաջ դարձավ անպարտելի եւ նորից նստեց քաղաքապետի աթոռին` վստահաբար իր սիրելի Հանրապետական կուսակցությանը զեկուցելով, որ պատրաստ է Արտաշատը հանրապետականացնել` խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելով վերջինիս համար:   Ու պատահական չէ, որ Արտաշատում գրեթե ամենուրեք ՀՀԿ-ի մեծադիր պաստառներն են, այն տպավորությունն է, որ ոչ թե քաղաք է, այլ նախընտրական կենտրոններից կազմված կրպակաշարք:
Գ. Մուրադյանն արտաշատցի է, ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ծառայել խորհրդային բանակում: Անգամ ունի պահեստի փոխգնդապետի կոչում: Մեզ մի քիչ տարօրինակ թվաց փոխգնդապետի կոչումը, որովհետեւ նա երկարատեւ զինվորական ծառայության մեջ չի գտնվել: Գուցե այդ կոչումը ստացել է այն ժամանակ, երբ կոմերիտական-կուսակցական աշխատա՞նք էր կատարում: Գագիկ Մուրադյանն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է որպես Գյուղաշխատողների արհմիության շրջկոմի տնտեսագետ (գուցե հաշվապահ…), 2 տարի հետո` 1981-ին, նշանակվել կոմերիտմիության Արտաշատի շրջկոմի հրահանգիչ: Երեւի այնքան էլ աչքի չի ընկել աշխատանքում, որ այս պաշտոնում (այն համարվում էր ամենաստորինը շրջկոմային աստիճանաշարքում) մնացել է 5 տարի եւ միայն 1985-ին նշանակվել նույն շրջկոմի կազմբաժնի վարիչ: 1987-ին նշանակվել է կուսակցության շրջկոմի կազմբաժնի վարիչ, իսկ 1991-ին, տեսնելով, որ այլեւս չի կարող կուսակցական «գծով» բարձր պաշտոններ ստանալ, աշխատանքի է անցել «Արման» գյուղատնտեսական կոոպերատիվում: 1993-ին գյուղատնտեսության տնտեսագետի որակավորում ունեցող Գագիկ Մուրադյանն աշխատանքի է անցել Արտաշատի գինու-կոնյակի գործարանում որպես տեխնոլոգ, ապա արտադրամասի պետ: 2 թիվը Մուրադյանի կյանքում երեւի ճակատագրական է եղել, որովհետեւ այստեղ էլ է աշխատել երկու տարի` 1995-ին նշանակվելով «Դվին» ՓԲԸ փոխտնօրեն:
1998-2001թթ. եղել է Արարատի մարզպետի խորհրդական: Եւ հանկարծ մարզպետի խորհրդականը դարձել է քաղաքապետ: Հազիվ թե այստեղ կարեւոր դեր կատարած չլիներ Արարատի մարզպետը` Հովիկ Աբրահամյանը, ում պետք էին ենթարկվող ու հպատակվող մարդիկ: Հետագայում սերտ կապեր ձեւավորելով սկզբում Ալիկ Սարգսյանի, ապա մյուս մարզպետերի հետ` Գ. Մուրադյանն ընտրվում էր քաղաքապետ` յուրաքանչյուր ընտրություն վերածելով «ռազբորկաների»: 2001-ի ընտրությունների մասին մամուլում գրեցին, որ եղել են լցոնումներ, ընտրություններն անցել են կեղծիքների ու ահաբեկումների մթնոլորտում: Իշխանական թեկնածուին սատարել են ոչ միայն մարզպետարանից, այլեւ նրա աներհոր շրջապատի մարդիկ:
Երբ 2011-ին Մուրադյանը նորից առաջադրեց իր թեկնածությունը, քաղաքում համոզված էին, որ նա պարտվելու է, որովհետեւ հենց այս մարդը զրոյացրեց քաղաքապետի պաշտոնը` այն դարձնելով աննշան: Մամուլում այսպիսի տողեր հայտնվեցին. «Լավատեղյակ աղբյուրներն, ի դեպ, նշում են, որ Մուրադյանը լիուլի օգտվել է հարազատ քաղաքի նկատմամբ Հովիկ Աբրահամյանի հատուկ վերաբերմունքից` բյուջետային հատկացումներից մինչեւ ամենատարբեր ծրագրեր, սակայն քաղաքը դրանից համարյա անմասն է մնացել: Արտաշատում բոլորը գիտեն, որ Գ. Մուրադյանն ընտրվել է բացառապես իր աներհոր` «Քյուլա Ռաֆիկի» հեղինակության շնորհիվ: Ըստ արտաշատցիների շրջանում տարածված կարծիքների` ավելի ճիշտ կլիներ, որ ընտրվեր քաղաքապետի կինը` պոլիկլինիկայի փոխտնօրեն Սերինե Մուրադյանը, որն էլ, իրականում, կայացնում է կարեւոր որոշումները»:
Իհարկե, Արտաշատում Շամիրամ-Նինոս փոխատեղումը չի սպառնում, բայց որ ժամանակին ամենաբարեկարգ քաղաքներից մեկը վերածվել է աղբակույտերի շարքի, ակնհայտ է: Քաղաքապետարանի գլխավոր գործառույթներից մեկն աղբահանությունն է, իսկ Գ. Մուրադյանը բնավ չի մտածում այդ ուղղությամբ` միայն հոգ տանելով իր այն բիզնեսների մասին, որոնք, իր իսկ հայտարարությամբ, գրանցված են ոչ իր անունով:
Քաղաքը փրկելու համար անընդհատ օգնության ձեռք է պարզում Հովիկ Աբրահամյանը, ում աջակցությունն էլ փրկում է Մուրադյանին: Նա, սակայն, այնքա~ն  անտարբեր է քաղաքի հանդեպ: Այսպես, 2011 թվականի հունիսի 20-ին քաղաքապետը որոշում է ստորագրել Օգոստոսի 23 փողոցի թիվ 41 թիվ 37 հասցեում շինարարական աշխատանքներ թույլատրելու մասին: Այս աշխատանքներն ընթացել են մեծագույն խախտումներով: Եւ քաղաքապետը նույն թվականի օգոստոսի 24-ին անվավեր է ճանաչել իր իսկ կողմից կայացված որոշումը: Սա խոսում է այն մասին, որ քաղաքապետը որեւէ ուժ ու ներգործություն չունի, համոզված է, որ եթե պարտադրեր հաշվի առնել խախտումներն ու դրանք վերացնել, իրեն ոչ ոք չէր լսելու, ուստի ընտրել է դիմադրության ամենակարճ ճանապարհը` անվավեր ճանաչելով որոշումը: Սա նրա անզորության վկայությունն է: Իսկ քաղաքում բազմաթիվ շինություններ են կյանքի կոչվել նախագծային կոպիտ խախտումներով: Սրանից զատ, Արտաշատի համար էլ լուսավորության հարցը դարձել է «աքիլլեսյան գարշապար», որովհետեւ քաղաքապետն անգամ տեղյակ չէ, թե որ փողոցները չեն լուսավորվում կամ ինչ վիճակ է տիրում, ասենք, Արաքսի փողոցում:
…Հիշեցի մեր ժողովրդական հեքիաթի հերոսին` քաջ Նազարին. իրենը միայն թագն է, իսկ ժողովուրդը ոնց ուզում է` թող ապրի ու կառավարվի…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս