Մարտի 27-ին Իջեւանում կայացավ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ադրբեջանական հեռուստաալիքները հատվածներ են ցուցադրում այս դատից, եւ զգուշացրեց, որ լրագրողների կողմից «համապատասխան ինֆորմացիայի արտահոսք չլինի», եւ որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում նրանք պատասխանատվություն են կրելու: Նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ էին հայտնել գործով մեղադրող Հարություն Հարությունյանին, ով դեմ արտահայտվեց դրան: Դատավոր Մարդանյանը մերժեց բացարկի միջնորդությունը:
Այնուհետեւ դատարանը լսեց վկա, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Միշա Գաբրիելյանին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ իրենց համար Մ. Գաբրիելյանը ոչ թե վկա է, այլ սպանության գործով կասկածյալ: Ա. Նազարյանի մահվան դեպքից հետո նրան տեղափոխել են Ճամբարակ, մի տարով պաշտոնն իջեցրել: Գումարտակի հրամանատարն ասաց, որ երբ Ա. Նազարյանի հայրը վատառողջ էր, ոչ մարտական հերթապահության օրերին Նազարյանը մի քանի անգամ բացակայել է ծառայությունից, սակայն ինքը, հարգելով Արտակի համեստությունը, դրա կապակցությամբ զեկուցագիր չի ներկայացրել: Ա. Նազարյանի նախկին հրամանատարն ասաց, որ ինքն ամոթից չի կարողացել մասնակցել Արտակի հուղարկավորությանը: Դահլիճից հնչեց Ա. Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի ձայնը. «Ինքնասպան լինեիր, տակա՛նք»:
Միշա Գաբրիելյանն Արտակին բնութագրեց որպես կիրթ, համեստ անձնավորություն` հավելելով, որ նա մասնակիորեն է կարողացել կատարել դասակի հրամանատարի պարտականությունները. գործնական որոշ առաջադրանքներում Արտակը դժվարացել է, նա չէր սիրում զինվորական գործը: Նրա մահվան օրը` 2010թ. հուլիսի 27-ին, փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը եղել է արձակուրդում: Կապիտան Հակոբ Մանուկյանն Արտակի նոթատետրը մի գրության հետ հանձնել է գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Նաջարյանին` պահանջելով ոչ մեկին այդ մասին չասել: Արտակի մահվան դեպքից հետո Նաջարյանը դրանք տվել է Գաբրիելյանին, սակայն վերջինս իրեղեն ապացույց հանդիսացող այդ գրությունը եւ նոթատետրն օրեր անց է հանձնել նախաքննական մարմնին: Փոխգնդապետ Մ. Գաբրիելյանը դատարանում ասաց, որ դրանց մասին մոռացել էր, չէր կարծում, որ նոթատետրն ու գրառումը գործի համար կարեւոր են: Այդ գրության մեջ Ա. Նազարյանն իբր պատվիրել էր իր մահվան գործում ոչ մեկին մեղավոր չհամարել. գրառման մի մասը ջնջված է:
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող Հ. Հարությունյանը միջնորդեց եւ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Վկա Գաբրիելյանը, պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցին, ասաց, որ Արտակին սպանելու պատճառներ չկային: Վկան համոզված էր, որ Արտակն ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար որեւէ պատճառ չկարողացավ նշել: Հաջորդ դատական նիստում, որը կկայանա ապրիլի 17-ին, կհարցաքննվի գործով առանցքային վկա Գարեգին Սայադյանը:
Տավուշ