Օգոստոսի 7-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, տեղի է ունենալու ստորագրահավաք` անկախ փորձաքննության պահանջով:
Ստորագրահավաքի կազմակերպիչները գտնում են, որ եթե Վարդան Պետրոսյանի գործով տեղի ունենա անկախ փորձաքննություն, միանշանակ կհաստատվի, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, ոչ թե կողնակում, ինչպես նշվում է նախաքննության մեջ: Հետևաբար, կհաստատվի նաև, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղսագրված ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել:
Armlur.am-ը զրուցեց ստորագրահավաքի կազմակերպիչներից Ալինա Նիկողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե ակտիվությունը ոգևորող է, և առաջին օրվա դրությամբ արդեն 100-ից ավել ստորագրություն է հավաքվել:
«Ստորագրություններն անկախ փորձաքննության պահանջով են, և ավարտից հետո պետք է ներկայացնենք դատարան: Քանակ չկա ստորագրության, բայց որքան շատ լինի, այնքան լավ: Եթե շատ լինի, և դատավորը մերժի, մենք կարող ենք բողոքարկել: Առնվազն 10.000 ստորագրություն պետք է ունենանք», – հայտնեց նա:
Ալինան նշեց, թե տուժող կողմից որևէ արձագանք չկա, և ինքը չի էլ կարծում, թե կլինի, քանի որ այս կերպ նրանք ոչ թե ցանկանում են ազատ արձակել Վարդան Պետրոսյանին, այլ նոր փորձաքննություն են պահանջում: Թե ինչպիսին է դերասանի արձագանքն այս նախաձեռնությանը, Ալինան չգիտեր, քանի որ նրա պաշտպանի հետ չէր զրուցել: