Տյումենում երկու հայի են դատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Տյումենի շրջանի դատախազությունը դատարան է ուղարկել Հայաստանի քաղաքացիներ՝ 31-ամյա Զոհրաբ Վարդանեսյանի և 28-ամյա Արամ Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործը: Նրանք մեղադրվում են ՌԴ պետական սահմանն ապօրինի հատելու համար:

Հետաքննությունը պարզել է, որ 2013թ. դեկտեմբեր ամսին Վարդանեսյանին արտաքսել են Ռուսաստանից (Տյումենի շրջանից) միգրացիոն օրենքի խախտման համար և արգելել են մուտք գործել ՌԴ մինչ 2018թ: Չնայած դրան՝ տղամարդը 2014թ. փետրվարին որոշել է կրկին վերադառնալ Տյումեն: Փետրվարի 21-ին նա Երևանից ավտոբուսով գնացել է Վրաստանի օդանավակայան, որտեղ ծանոթացել է Մելքոնյանի հետ, ում էլ արգելված է եղել ՌԴ մուտք գործել մինչ 2016թ.:

Նրանք որոշել են հատել ռուսական սահմանը Ղազախստանի կողմից, ուստի՝ Թբիլիսիից Կիևով հասել են Աստանա փետրվարի 23-ին: Այնտեղից տաքսիով հասել են սահմանամերձ գյուղ և փետրվարի 24-ի գիշերը ոտքով անցել ղազախա-ռուսական սահմանը: Լինելով արդեն Ռուսաստանում՝ նրանք մտել են ճանապարհին մոտ գտնվող սրճարան՝ տաքանալու նպատակով:

Այդ ընթացքում ղազախական սահմանապահներն իրենց ռուս գործընկերներին հայտնել են ամեն ինչ: Հայերին հայտնաբերել են հենց սրճարանում և ձերբակալել: Նրանք, դատարանի որոշմամբ, կալանքի են ենթարկվել:




Լրահոս