ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է քննարկելու առկա բոլոր հարցերը եւ փոխըմբռնման մթնոլորտում ու փոխշահավետ հիմունքներով առաջ մղել քաղաքական երկկողմ երկխոսությունն ու տարբեր բնագավառներում գործակցությունը: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Այժմ խնդիր կա աշխուժացնելու գործակցությունը նաեւ այս ձեւաչափով: Այս մասին հաղորդում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, փոխայցելությունների կազմակերպումը: ԱԺ նախագահն ընդգծեց ջանքերի ակտիվացման կարեւորությունը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ` նշելով խորհրդարանների պատրաստակամությունը սատարելու գործադիր մարմինների նախաձեռնություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը եւ ԵՄ շրջանակներում վերջիններիս աջակցությունը Հայաստանին: Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց բուլղարահայության մշակութային ժառանգության ու պատմամշակութային հուշարձանների հանդեպ Բուլղարիայի իշխանությունների ցուցաբերած հոգատարության առնչությամբ: Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սոֆիայի համալսարանի ռեկտոր Իվան Իլչեւը, ԲՀ խոհրդարանում մեծամասնություն կազմող ԳԵՌԲ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Կրասիմիր Վելչեւը: Վերջինս փոխանցելով իրենց խոհրդարանի ղեկավարի ողջույնը հայ գործընկերներին, նրա անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Բուլղարիա:
Սամվել Նիկոյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ