Երեկ Մոսկվայի շուկաներից մեկում տեղի ունեցած հրդեհի գործով ձերբակալվել է երկրորդ կասկածյալը՝ Սեդրակ Ստեփանյանը,- հաղորդում է RIA Novosti-ն:
“Մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում ձերբակալվել է հրդեհի գործով ևս մեկ կասկածյալ՝ Սեդրակ Ստեփանյանը: Նա “Ալբասետ” ՍՊԸ-ի փաստացի սեփականատերն է, որը վարձակալել և շահագործել է այն պահեստը, որում հրդեհ է տեղի ունեցել: Նա նաև կազմակերպել է անօրինական ներգաղթյալների աշխատանքները”,- ասել է Ցիպլյոնկովան: Այս պահին քննիչները հարցաքննում են նրան որպես կասկածյալի, որոշվում է նրա խափանման միջոցը: Ավելի վաղ նույն գործով ձերբակալվել էր շենքի սեփականատեր Վլադիմիր Լիկովը: Հիշեցնենք. հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ժամը 04:50-ի սահմաններում, Կաչալովի շուկայում: Կրակը բռնկվել է շուկայի կողքի կառույցում, որտեղ ապրում էին անօրինական ներգաղթյալներ: Հրդեհի հետևանքով զոհվել է 17 մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ տաջիկներ: