ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ.Պետրոսյանը, լինելով խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ, հետո գերի վերցնելով, Ադրբեջանի զինված ուժերը հագցրել են զինվորականի համազգեստ, նրա հետ վարվել անմարդկային կերպով` խախտելով միջազգային կոնվենցիաները եւ վերջում` սպանել:

Այս օրերին ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր` միջազգային կառույցներում բարձրացնելու հարցն ու պահանջեր դատապարտել Ադրբեջանի նենգությունը: ՀՀ ԱԳՆ-ն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է միջազգային կառույցները ողողեին դատապարտող բանաձեւերի նախագծերով, քանի որ Ադրբեջանը լավ առիթ էր ստեղծել: Այնինչ` ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու նրա ղեկավարած կառույցի նման գործելաոճը վաղուց ի վեր սովորական է դարձել: Նալբանդյանը հակառակ ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը, մինչեւ հիմա չի բարեհաճել հանդիպել նրանց հետ` բացատրություն տալու Աստանայում տեղի ունեցած միջադեպի, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մանրամասների, վերջերս էլ` սահմանային միջադեպերի կապակցությամբ, էլ ուր մնաց` զբաղվի հասարակ քաղաքացու հարցով: Ու սա հերթական անգամ ապացուցում է, որ ոմանք իրենց տեղում չեն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս