Արտյուշա Հակոբյանը չբացատրեց` ինչու են իրեն «բանդայի» պարագլուխ համարում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «բանդայի» գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստն ավարտվել էր ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հարցաքննությամբ:

Այսօր պաշտպան Հովիկ Արսենյանը հարց ուղղեց, թե Հակոբյանն իրեն համարում է հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, ինչին ամբաստանյալը պատասխանեց` իրեն գործարար է համարում և Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել:

Ամբաստանյալը պարզաբանեց, որ քննիչների կողմից ներկայացվել են մի շարք արտադրամասեր, այդ թվում` «Գառնու լավաշ»-ը, Մայակովսկի փողոցի վրա գտնվող ինչ-որ կառույց իրեն չի պատկանում, և դրանք իրեն վերագրելը շոու է՝ կազմակերպված իրավապահների կողմից:

«Ներքին դիտման ընթացքում Արման Դալլաքյանն ասել էր. «Բա ո՞նց չգիտենք, Գառնու Սուրիկի եղբայրը` Արտուշը, դա ինչպե՞ս կբացատրեք»,- հարցրեց պաշտպանը, ինչին Արտյուշա Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նախկինում դրա մասին չի խոսել, քանի որ չի վստահել նախաքննական մարմին, և կխոսի այսօր, քանի որ իրեն հնարավորություն են տվել խոսելու:

«Ես ասել եմ, որ եղել եմ Լիլյա Սահակյանի բնակարանում` ընկերոջս ծննդյան արարողությանը, ու մինչև առավոտ 12-ը էնտեղ եմ եղել: Իսկ այդ ընթացքում արդեն ավազակային հարձակումը եղել էր»,- պատմեց ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանը:

Պաշտպանը հարցրեց, թե եղել է այնպիսի բան, որ ինչպես նախաքննական մարմինն է ասել, նա հավաքագրել է Քյարամ Ամոյանին, մյուսներին և գործով չպարզված այլ մարդկանց, Հակոբյանը պատասխանեց, որ դա քննիչի երևակայությունն է, և պետք է նրան էլ հարցնել:

«Ես որ էտ մարդկանց չեմ ճանաչել, ինչպե՞ս կարող էի  հավաքագրել: Ես այդ օրը մատաղ էի անում գործարանում, որ նոր գործ էինք սկսել, մեզ հետ էր Մարատ Գրիգորյանը` «Աբովյան» ՔԿՀ պետը, կանանց և անչափահասների գաղութի: Եվ շատ այլ մարդիկ:

Կարող եք տպել տեսնել` այդ օրն ում եմ զանգել, ինչ եմ արել: Թե չէ ես ինչ հիշեմ երկու-երեք տարի առաջ ինչ է եղել»,- ասաց Արտյուշա Հակոբյանը, իսկ պաշտպան Արսենյանը հարցրեց, թե երբ նա հայտնել է դատարանին, որ ձերբակալման օրը ինքը զգացել է, որ ինչ-որ մեկն իր գրպանում ինչ-որ բան է դնում, հետո պարզվել է, որ առգրավված պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի զենք, որի վրա եղել է նրա մատնահետքը, ինչպե՞ս դա կբացատրեն:

«Հասարակական վայրում եկան շոու սարքեցին, մարդիկ եկել էին մի կտոր հաց ուտեին, եկան հարամ արեցին: Հետո էլ ասում են` մեկի մատնահետքն ա, մեկի ցուցահետքն ա. չե՞ք տեսնում, որ ում ոնց հարմար ա, էտպես էլ անում ա»,- զայրացած պատասխանեց ամբաստանյալ Հակոբյանը:

Իսկ պաշտպանի այն հարցին, թե ինչով կբացատրի այն հանգամանքը, որ դիմակներից մեկի վրա եղել է նրա քրտինքի հետքը, ամբաստանյալը պատասխանեց, որ եթե զենքերը սեպտեմբերի 23-ին ուղարկվել էր փորձաքննության, ինչու դիմակներն էլ չուղարկվեցին:

«Գենետիկ անալիզի պատասխանի նմուշն ունեին, մասկեքն էլ ունեին, էնա կսարքեին էլի, հետո էլ կհամեմատեին»,- շարունակեց ամբաստանյալը:

«Ձեզ համարում են բանդայի պարագլուխ, ինչի՞ց ելնելով են այդպես կարծում»,- հարցրեց պաշտպան Հովիկ Արսենյանը, ինչին Արտյուշա Հակոբյանը պատասխանեց. «Արդեն ինչքան ժամանակ է` քննություն է գնում, մեկը կարողացա՞վ բացատրել` ես այստեղ ինչու եմ հայտնվել, որն է իմ մեղքը, ես ի՞նչ կապ ունեմ էս մարդկանց հետ»:

Մեղադրողի հարցին, թե ինչպես կբացատրի այն, որ ասել էր, թե բավականին ապահովված մարդ է, սակայն իր անվան վրա գրանցված սեփականություն չունի:

Պաշտպանը առարկեց հարցի դեմ` ասելով իր պաշտպանյալը չի ասել հարուստ, այլ ասել է ապահովված, իսկ մեղադրողն ասաց, թե դրանք հոմանիշներ են:

«Էտ էլ դարձավ վարչապետինը` պարտադիր է, բայց ոչ պարտադրված»,- ասաց Հովիկ Արսենյանը:

«Ի՞նչ տարբերություն` իմ անունով չի, իմ ախպերների անունով ա»,- պատասխանեց ամբաստանյալը:

Մեղադրողը միջնորդեց, որպեսզի պարզաբանվի Արտյուշա Հակոբյանի իրավունքը՝ հաղորդում տալու այն մասին, որ ինքը հայտարարել էր իրենից կաշառք վերցնելու մասին:

«4 տարի առաջ քրեական վարչության օպեր էր, հիմա դրա իմաստը չկա: Եթե հաղորդում տայի, 4 տարի առաջ կտայի: Ես դրա իմաստը չեմ տեսնում»,- պատասխանեց Արտյուշա Հակոբյանը:

Դատարանը հայտարարեց, որ այժմ պետք է հետազոտվեն իրեղեն ապացույցները, իսկ մեղադրողը միջնորդեց հետազոտել նաև ամբաստանյալների նախորդ դատավճիռները:




Լրահոս