Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան այսօր աշխատանքային շրջայց է կատարել Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջան, այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի հաղորդագրությունից:Այս վարչական շրջանն ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչական շրջնաների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ինչն իր հերթին որոշակիորեն տարբերակում է նաև այստեղի խնդիրներն ու դրանց տրվող լուծումները:Ըստ այդմ, այստեղ անգամ նեղ, փակուղային փողոցների ասֆալտապատումը դիտարկվել է առաջնահերթ ու ներառվել է տարեկան ծրագրում: Դրանցից մեկի` Գայլաձորի փողոցում իրականացված աշխատանքին ծանոթացել է նաև քաղաքապետը:Հին նորքեցիներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը բարեկարգելու համար, քաղաքապետն էլ վստահեցրել է, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերն աստիճանաբար լուծում կստանան: Քաղաքապետն ավելացրել է նաև, որ առաջնահերթ մի շարք ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են։”Մայրաքաղաքի արդեն հաստատված նոր երթուղային ցանցով նախատեսում ենք ավելացնել Նորք-Մարաշ մտնող երթուղիների քանակը, որի արդյունքում հիմնականում կլուծենք բնակիչների կողմից հաճախ բարձրացվող տրանսպորտի հետ կապված խնդիրը: Արդեն սկսել ենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Նախատեսում ենք նաև ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել, նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերականգնել նաև Նորքի բարձունքի անտառային շերտը”,- նշել է Տարոն Մարգարյանը:Քաղաքապետն այցելել է նաև թիվ 121 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր ըստ էության վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երկրորդ հիմնանորոգված մանկապարտեզը, ինչն իսկապես կթեթևացնի այդ գծով առկա պահանջարկը:Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Քաղաքապետը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել փոքրիկների առօրյային:”2011թ.-ին մենք ամբողջությամբ լուծեցինք քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Այսօր քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում նույնպես այդ խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը եղել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, ծանոթացել այստեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ տարածքը բարեկարգումից հետո նորքեցիների համար կդառնա հանգստի ու ժամանցի յուրօրինակ գոտի:
Շրջայցից հետո հանդիպելով վարչական շրջանի աշխատակազմի հետ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին և հնարավորին սեղմ ժամկետներում լուծումներ տալ դրանց:Քաղաքապետը հստակ հանձնարարականներ է տվել նաև քաղաքապետարանի ծրագրերով ընթացող աշխատանքները համակարգված կազմակերպելու և սահմանված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: