Թիվ 27 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ Սոցապ պետական ծառայության նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանին չեն պատժել միայն այն բանի համար, որ նրա կազմած մեռածների ցուցակը կարող էին օգտագործել ընտրությունների ժամանակ:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր թեկնածությունն առաջադրել Կոտայքի մարզում, ի վերջո, ծնունդով Երեւանից եք:
-Նախ ասեմ, որ շուրջ 20 տարի է` Կոտայքի մարզում ամառանոց ունեմ` Գողթ գյուղում, եւ ընդհանրապես Գառնիում, Կոտայքի մարզի տարբեր հատվածներում ունեմ բարեկամների, ընկերների շատ մեծ շրջապատ, դա առաջին հերթին: Երկրորդն այն է, որ ընտրությունների ժամանակ մի գործոն կա, որն ամբողջությամբ չի պահպանվում գյուղական շրջաններում, դա կեղծիքների մի փունջ է, որը կապված է ընտրացուցակների հետ: Այսինքն` կեղծարարները ՀՀ բացակա քաղաքացիների, մահացածների հաշվին ցուցակներում կարողանում են «ընտրել»: Էս պրոցեսը 3 էտապով է կատարվում` մահացածների ցուցակ, երկրից դուրս եկածների ցուցակ, եւ հսկայական մաս են կազմում ջավախահայության գրանցումները: Ուրեմն 4 տարի առաջ՝ Հարավային Օսիայի պատերազմից հետո, մեր հայրենակիցները, որպեսզի գնան արտագնա աշխատանքի ՌԴ, ձեռք էին բերում հայկական անձնագիր: Այս պարագան օգտագործվեց իշխանությունների կողմից` կեղծիքները նոր թափով շարունակելու համար: Եթե այդ մարդիկ անձնագիր են ստանում, նրանք նաեւ ինչ-որ տան վրա գրանցվում են:
-Այսինքն` դրա՞նք են իշխանության ռեսուրսները, որոնց միջոցով կարող են հաղթանակի հասնել:
-Իրենց առաջին ռեսուրսը երկրի բացականերն են, հետո մահացածները: Հիշում եք, կապված թոշակների յուրացման հետ` մամուլում տարբեր թվեր հնչեցին, որ մարդիկ մահացած են, բայց թոշակ են ստացել: Հետո այդ ամեն ինչն իշխանությունները կոծկեցին, հետո հայտարարված թվերն աստիճանաբար փոքրացան, որպեսզի ՀՀ քաղաքացին ուղղակի չզայրանա, թե ինչու են բյուջետային գումարները գրպանվել: Այն, որ ՀՀԿ-ական Խաչիկյանը չպատժվեց, չպատժվեց միայն մի բանի համար, որովհետեւ այդ մահացածների ցուցակներն օգտագործվում էին նաեւ ընտրությունների համար: Երրորդը նշեցի, որ ջավախահայությանն է վերաբերվում: Հիշում եք, երբ սպանվեց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը, այդ ժամանակ նվագախմբի տղաներից մեկը կար, որ նախարար էր, այդ երաժշտական գործիքն ասաց, որ նրա մահվան փաստը բացահայտելը պատվի հարց է: Թո՛ւյլ տվեք տարիներ անց ասել, որ նա անպատիվ մարդ է, որովհետեւ խոստացավ… եւ այդ անպատիվ մարդն այսօր լրջագույն պաշտոն է զբաղեցնում` խորհուրդ է տալիս նախագահին, թե ինչ խորհուրդ, Աստված գիտի: Չար լեզուները պատմում են, որ երբ սպանեցին Մհերյանին, նա տեղյակ էր մեր ջավախահայության ցուցակներից, եւ այն բանից, թե քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար: Հենց այս ամենի համար զոհվեց Մհերյանը: Կոտայքի մարզում ես նշված երեք կեղծարարությունից ձերբազատված եմ, բայց ես ձերբազատված չեմ մի բանից` կաշառքից, այսօր գյուղում կաշառքի գինը հասել է 20-25 հազար դրամի, եւ դա այն կուսակցությունն է, որն այս ժողովրդի հերն անիծել է:
-Այդ դեպքում ո՞րն է Ձեր հաղթանակի ռեսուրսը, ինչի՞ հետ եք Ձեր հույսը կապում:
-Իմ հաղթանակի ռեսուրսն այն է, որ ես հույս ունեմ այդ գյուղերում ունենալ մարդիկ, վստահված անձինք, որոնք այդ կեղծիքներից ինձ կպաշտպանեն:
-Բայց Հրազդանի քաղաքապետի ընտրություններից կարելի էր հասկանալ, որ այդ կեղծիքներն էլի են լինելու…
-Տեսանք` ինչ էր կատարվում Հրազդանում, բայց կարելի է ասել, որ Սասուն Միքայելյանը բացարձակ հաղթանակ տարավ: Դրանք ինձ չեն հիասթափեցրել, ինձ հիասթափեցրել է այդ կեղծիքներից հետո Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը: Նման հայտարարությամբ, փաստորեն, արդարացվեցին իշխանությունների ընտրակեղծիքները, որը ես ավելի վտանգավոր եմ համարում, քանի որ այդ դեպքում մենք պայքարելու ենք ոչ միայն Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ի, այլեւ մի ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ:
-Պարո՛ն Եղիազարյան, Դուք երկու մրցակից ունեք` ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, որը Գագիկ Ծառուկյանի խնամին է, եւ ՀՀԿ-ական Հայրապետ Հայրապետյանը: Ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը:
-Ոչ մեկին, քանի որ էդ Ծառուկյանի խնամին մի լումայի օգուտ չի բերել այդ մարզին, հիմա ընտրությունները խնամիով, հարս ու փեսով չի: Այդ մարդուն չեմ ճանաչում, բայց դե ընտրապայքարի ժամանակ կճանաչենք: Իսկ ինչ վերաբերվում է մյուս` ՀՀԿ-ի թեկնածուին, ապա այս թեկնածուի մասին ինչ խայտառակ բաներ ասես, որ չէին ասում, նրա հանդեպ ատելություն կա, ուրեմն էս իշխանություններն ինչքան պետք է աշխատեն, որ մի բան լինի: Ես այդ առումով առավելություն ունեմ:
«ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ՄԻ ԼՈՒՄԱՅԻ ՕԳՈՒՏ ՉԻ ԲԵՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ