Ագրարային համալսարանի աշխատակազմը Հ. Բիշարյանի և Հ. Մարգարյանի վրա ցանկապատ է նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈւՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա` ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս: Բացի դրանից, վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և կուսակցության անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածքներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին:

Հարկ է նկատել, որ վերջին ժամանակահատվածում վերը թվարկված անձինք մամուլով պարբերաբար սպառնացել են քանդել ՕԵԿ-ին պատկանող շինությունները: Նույնաբովանդակ կոչեր ու սպառնալիքներ հնչել են այսօր և շարունակում են հնչել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2008թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհուրդը, ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու, ինչի վերաբերյալ առկա է պաշտոնական փաստաթուղթ, և որը հիմք է հանդիսացել քաղաքապետարանի համապատասխան որոշում ստանալու, նոտարական վավերացմամբ պայմանագիր կնքելու, կադաստրի սեփականության վկայական և շինարարության համար այլ փաստաթղթեր ձեռք բերելու համար:

Ագրարային համալսարանի ղեկավարությունը վերը նշված փաստի վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մասին և ուսանողությանը փաստացի տեղյակ չի պահել և վերջիններիս դրդում է հակաօրինական գործողությունների:

Այսօրվա խուլագանական գործողությունների արդյունքում Ագրարային համալսարանի կողմից ուժային միջոցներով քանդված ցանկապատը տվյալ վայրում առկա է եղել շուրջ 10 տարի, ինչի վերաբերյալ նույն Ագրարային համալսարանից երբևէ ոչ մի բողոք չի եղել:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ «Օրինաց երկիր» կուսակցության գործողություններն ունեն փաստաթղթային հիմք:

Եվ քանի որ ներկայումս ընթանում է դատական գործընթաց, ապա միայն դատարանն է իրավասու ընդունելու համապատասխան որոշումներ:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը անթույլատրելի և անօրինական է համարում նախադեպը չունեցող այս վայրագությունը և խստագույնս դատապարտում է Կառավարության և նրա ղեկավարի խուլ լռությամբ ուղեկցվող Ագրարային համալսարանի ռեկտորի և աշխատակազմի գործողությունները կուսակցության նկատմամբ: Կառավարության կողմից մինչ այժմ որևէ քայլ չձեռնարկելը ենթադրում է, որ ԲՈՒՀ-ի 70-ամյա ռեկտորը գործում է նույն կառավարության թողտվությամբ, ինչի մասին բարձրաձայնում են ԲՈՒՀ-ի ղեկավարները:

Քաղաքական խորհուրդը դիմում է ՀՀ Կառավարությանը, Ոստիկանությանը, Գլխավոր Դատախազությանը և այլ պատկան մարմիններին վերը նշված փաստի կապակցությամբ ձեռնարկել գործուն քայլեր` կանխելու ԲՈՒՀ-ի ռեկտորի, ղեկավարության կողմից իրականացվող այս ապօրինի գործողությունները, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ՕԵԿ-ի վրա խուլիգանական հարձակում գործած կազմակերպիչներին և անձանց:

Միջադեպով հետաքրքրված դիվանագիտական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին և լրագրողներին տեղեկացնում ենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հետևողականորեն շարունակելու է իր իրավունքների համար մղվող պայքարը մինչև արդարության վերականգնումը:

ՕԵԿ մամուլի ծառայություն




Լրահոս