ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր շարունակ Գյումրիում լարված մթնոլորտ է: Քննարկման ենթակա է այն հարցը, թե իրականում մտահոգվելու կարիք կա, որ այն, ինչ կատարվում է, սցենար է, որը, դատելով տեղի ունեցող զարգացումներից, հաջողությամբ կյանքի է կոչվում:
Նախ` մարտի 30-ին տեղի ունեցածը, երբ 2 մականունավորների միջեւ ծեծկռտուքը որակվեց որպես ընտրական հողի վրա տեղի ունեցած միջադեպ, քանի որ երիտասարդներից մեկը` Շեկոն, համարվում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, իսկ մյուսը` Տանկ մականունով  Հովհաննես Մկրտչյանը, Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցներից մեկի ղեկավարն է եւ սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` երիտասարդների միջեւ վիճաբանությունը եղել է «Մսի կոմբինատ»  կոչվող թաղամասում, եւ ամեն ինչ սկսվել է քննարկումից, թե թիվ 34 ընտրատարածքում ով է ավելի ուժեղ թեկնածու` ԲՀԿ-ական Մ. Գրիգորյանը, թե ՀՀԿ ներկայացուցիչ Ա. Սահակյանը, ով որ թաղամաս իրավունք չունի ոտք դնել եւ «ձայն հավաքել»: Մականունավոր «հեղինակությունները» փորձել են հարցերը պարզաբանել ծեծկռտուքի միջոցով:
Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, որ կրակոցներ եւս հնչել են, դա չբացառեց նաեւ Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը: Սակայն ժամեր անց ոստիկանությունից պարզաբանեցին, որ կրակոցներ չեն եղել, բայց ծեծկռտուք տեղի է ունեցել, իսկ խուլիգանություն կատարողները փախուստի են դիմել եւ գտնվում են հետախուզման մեջ: Վարուժան Շաշիկյանը նաեւ պարզաբանեց, որ մեղավորներին հայտնաբերելուց հետո միայն կկարողանան պատասխանել այն հարցին, թե կատարվածը որքանով է առնչվում առաջիկա ընտրություններին: Թվում է` հարցն այսքանով պետք է փակվեր, բայց ոչ:
Ապրիլի 1-ի երեկոյան հայտնի դարձավ, որ մի խումբ ոստիկաններ շրջափակել են ԲՀԿ-ական պատգամավոր Մ. Գրիգորյանի՝ Լալայան 2գ հասցեում գտնվող   բնակարանը, ցանկացել ներս մտնել եւ խուզարկել: Պատգամավորը չի թույլատրել: Իրավապահներին ցույց են տվել բնակարանի սեփականության վկայականը, որն ապացուցել է, որ տունը Մ. Գրիգորյանի անունով է: Հասկանալով, որ օրենքը թույլ չի տալիս խախտել պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը, իրավապահները հեռացել են: «Իհարկե, դատարանի սանկցիայով են ուզեցել խուզարկել, մենք բացարձակապես չենք միջամտել, այլ ներկայացրել ենք տան սեփականության վկայականը: Համոզվեցին, որ ՀՀ օրենքներով իրենք իրավունք չունեն բացարձակ հորինովի պատրվակներով խուզարկություն անցկացնել, այդ գաղափարից հրաժարվեցին ու գնացին»,-պատմեց պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը:
Դեպքից անմիջապես հետո մենք եղանք Գյումրու ոստիկանության բաժանմունքում: Չնայած օրը ոչ աշխատանքային էր, սակայն ոստիկանությունում աշխատում էին արտակարգ ռեժիմով` տասնյակ մեքենաներ կայանված էին դրսում, քննչական բաժնի բազմաթիվ աշխատակիցներ ոստիկանության բաժանմունքում էին, ու թեեւ երեկոյան ժ. 20-ն էր, բայց տեղում էր նաեւ ոստիկանապետը: «Նրա մոտ հիմա շատ մարդ կա դրսից: Խորհրդակցություն է»,-մեզ պարզաբանեցին օրվա հերթապահները` չթույլատրելով հանդիպել ոստիկանապետի հետ:
 Մ. Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանի փոխանցմամբ` իրավապահներն իրենց գործողությունները հիմնավորել են նրանով, որ որպես ծեծկռտուքի մասնակից` շոշափվել է նաեւ Մ. Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի անունը: Տեղի ունեցածը պատգամավորի խորհրդականը կապում է առաջիկա ընտրությունների հետ. «Քաղաքական լուրջ պրոցեսների նախաշեմին մարդկանց, փաստորեն, ահաբեկում են, փորձում են մարդկանց դիրքերը թուլացնել»: Մ. Գրիգորյանի թիմակիցները միանշանակ պնդում են, որ տեղի ունեցած միջադեպը որեւէ կերպ չի առնչվում իրենց հետ, եւ որ հարցին դիտավորյալ է հնչեղություն տրվում:
Կատարվածի առնչությամբ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը փոխանցեց, որ ոստիկանության օպերատիվ խումբն այցելել է պատգամավորի գրասենյակ, որպեսզի ոչ թե խուզարկի նրա բնակարանը, այլ Մարտուն Գրիգորյանի  հորը` Կամո Գրիգորյանին, հրավիրի բաժանմունք:  Սակայն Մարտուն Գրիգորյանի գրասենյակից «Ժողովուրդ»-ի թղթակցին փոխանցեցին, որ իրավապահները նման պահանջ չեն ներկայացրել: «Ես անձամբ, իմ աչքով տեսել եմ դատարանի խուզարկության մասին սանկցիան»,-պնդեց Աղասի Աբրահամյանը:
Առավել տարօրինակ է Կարեն Բաբակեխյանի այն հայտարարությունը, թե Կամո Գրիգորյանը խնդրել է իրեն այլեւս չանհանգստացնել: Հարց է ծագում, թե այդ դեպքում ընդհանրապես որն է եղել ոստիկանների գործողության տրամաբանությունը: Քաղաքացին խնդրում է իրեն չանհանգստացնել, ոստիկաններն էլ լուռ համաձայնում եւ հեռանո՞ւմ են:
Փորձեցինք ճշտել, թե իրավապահները հանդիպել են թիվ 34 ԸԸՀ-ում առաջադրված թեկնածու Արման Սահակյանի հետ, թեկուզ եւ այն նույն հիմնավորմամբ, որ շրջանառվում է նաեւ նրա անունը: Արման Սահակյանի մամլո խոսնակ Աննա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ որեւէ հանդիպում չի եղել, ու եւս մեկ անգամ հայտարարեց, որ Տանկ մականունով անձի իրենք չեն ճանաչում: «Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչու է շոշափվում Արման Սահակյանի անունը: Երեւի որ ՀՀԿ-ական է, դրա համար, Գյումրիում ինչ լինում է, կապում են ՀՀԿ-ի հետ: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց Ա. Թադեւոսյանը:
Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն`  հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս