“Ժառանգությունը” նվազագույնը երկրորդ տեղն է զբաղեցնելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:Նա նշեց՝ գտնվում ենք նախընտրական արշավի շեմին, վաղը Ճրագալույցի Սուրբ պատարագն է, կիրակի՝ Սուրբ Զատկի տոնը, որից հետո “Ժառանգություն”-ը ապրիլի 9-ին մեկնարկում է նախընտրական արշավը, որը սկսելու են Հանրապետության հրապարակից՝ ժամը 15.00-ին:”Սկսելու ենք հաղթանակի մեր արշավը: Հարությունը հոգևոր հասկացութուն է, իսկ նրա աշխարհիկ հոմանիշը պետք է իրականացնել մեր աշխարհիկ կյանքում։ Մենք մտնում ենք այն տարին, որի ընթացքում պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության հառնումը: Կանխատեսումները և մեկնաբանությունները թողնում ենք մայիսի 7-ի համար: Մենք հավատացած ենք, որ հինգ տարի առաջ “Ժառանգությունը” հաղթեց Երևանում՝ դա առաջին փորձն էր, և մենք տեղ գրավեցինք առաջին եռյակում: Կեղծված ընտրական գործընթացների պատճառով չկարողացանք հաղթել: Այս անգամ մենք գնում ենք դեպի հաղթանակ հանրապետության ամբողջ տարածքում, նվազագույնը երկրորդ տեղն ենք զբաղեցնելու: Մնացածը գործ է՝ քաղաքացիների մասնակցություն և վախի վերացում”,- նկատեց կուսակցության ղեկավարը: “Մայիսի 7-ին միմյանց կշնորհավորե՞նք, թե՞ հերթական անգամ մեծ ցավով կմտնենք անորոշ հանգրվան, որի ակունքը կեղծված ընտրություններն են”,- հարց հնչեցրեց Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախընտրելի է, իհարկե, առաջին տարբերակը: Անդրադառնալով չորս կուսակցությունների միջև կնքված հայտարարությանը՝ նա նշեց, որ սա ոչ մեկի կողմից չպետք է լինի PR ակցիա: Նրա խոսքով՝ ունենք օրենքներ, որոնք պետք է կարգավորեն այս հարցը, մնացածը հավելյալ է:
Ր. Հովհաննիսյանը հավելեց, որ հայտարարության ներքո պետք է ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, ովքեր ընտրություններից հետո կարող են համատեղ որոշումներ կայացնել: