ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկրապահ» կամավորականների միությունը (ԵԿՄ) հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ. ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի քայլերի հանդեպ այս կազմակերպության ներսում անհամաձայնությունները հանգեցրել են այնտեղից երկրապահների հեռանալուն: Երեկ հրապարակվել է ԵԿՄ Կենտրոնի կառույցի թվով 70 անդամների նամակը` ուղղված ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Ու թեեւ նրանք ցանկություն չունեն ԵԿՄ ներքին խնդիրները դարձնել հանրության քննարկման առարկա, ակնարկում են իրենց որոշման պատճառների մասին. «Այսօր իրականացվող կադրային քաղաքականության արդյունքում ԵԿՄ-ին անդամագրվում են անհատներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր` երկրապահների անցած ուղու հետ, ավելին, բացի քաղաքական խարդավանքներից եւ դավադրություններից, սեփական կազմակերպություններին եւ սկզբունքներին դավաճանելուց, մեր երկիրը առեւտրային սեղանիկ տեսնելուց, մեզ փնովելուց եւ վարկաբեկելուց, իրենց մարտական հեքիաթասաց ուղին պատմելուց, վերջին 15 տարում ոչնչով չեն զբաղվել: Ելնելով վերոնշյալից, լինելով առավել քան իրատեսական, ցանկություն չունենալով որեւէ կերպ օժանդակել ԵԿՄ-ի պառակտմանը կամ հզորության կորստին, հոգու խորքում մնալով երկրապահ, ցավով պետք է նշենք, որ ստիպված ենք կասեցնել մեր անդամակցությունը ԵԿՄ շարքերին, մինչեւ առաջացած խնդրի արդարացի, երկրապահին հարիր լուծում ստանալը»:
Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարի ժամանակ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ու թեեւ հետագայում նրանք փորձեցին սրբագրել գեներալ Մանվելի ասածները՝ մեկնաբանելով, թե ԵԿՄ համագումարում հայտարարվել է նախագահի պաշտոնը զբաղեցնող, ՀՀ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարին, այլ ոչ թե ՀՀԿ-ին կամ ՀՀԿ նախագահին սատարելու մասին, սակայն հասկանալի է՝ մեկնաբանություններն ընդամենը ձեւականություն էին: Իսկ Մանվել Գրիգորյանն իր հայտարարության համար ստացավ արժանի փոխհատուցում՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 15-րդ հորիզոնականը, ասել է թե՝ ԱԺ պատգամավոր դառնալու լուրջ շանս:
ԵԿՄ Կենտրոնի կառույցի նախկին ղեկավար Էդիկ Գյումրյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հայտարարությունն ամենեւին էլ քաղաքական տարաձայնությունների արդյունքում չէ, ավելին, իրենք նամակը գեներալին են փոխանցել համագումարից էլ առաջ, պարզապես հիմա են այն հրապարակում: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի հայտարարություններին, ապա Գյումրյանի խոսքերով` յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հայտնելու իր անձնական կարծիքը:
Մանվել Գրիգորյանի օգնական Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ԵԿՄ Կենտրոնի կառույցի անդամների՝ ԵԿՄ-ից դուրս գալու փաստին, ասաց, թե մինչեւ 2011թ. նոյեմբեր ամիսը, երբ փոխեցին ԵԿՄ Կենտրոնի ղեկավար Էդիկ Գյումրյանին, այդ կառույցը եղել է պասիվ, ու միայն փոփոխությունից հետո ԵԿՄ անդամների թիվը 60 հոգուց դարձավ 280: «Գյումրյանների հետ նաեւ այլ դժգոհություններ էլ կային՝ կապված ֆինանսական խնդիրների հետ»,-ասաց Վարդանյանը: Իսկ ԵԿՄ Կենտրոնի կառույցի ղեկավար Ռուբեն Նազարեթյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը: «Դուրս են եկել, ոչինչ: Ես չգիտեմ՝ ինչից են նեղացած, իրե՛նց հարցրեք»,-նշեց նա՝ հավելելով, որ ԵԿՄ վարչությունն առաջիկայում հանդես կգա պարզաբանմամբ: Ըստ լուրերի՝ ԵԿՄ-ում կասկածներ կան, որ 70 ստորագրությունները կեղծված են:
Գյումրյանն էլ իր հերթին, անդրադառնալով Վարդանյանի այս հայտարարություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարցրեց. «Եթե այդքան ժամանակ պասիվ էր, ինչո՞ւ միայն 2011թ. նոյեմբերին ինձ ազատեցին Կենտրոնի կառույցի ղեկավարի պաշտոնից: Այսօր շատ են խոսում պատանի երկրապահի մասին, իսկ հիշո՞ւմ են՝ ով է այն հիմնադրել, ծնունդ տվել: ԵԿՄ պաշտոնական կայքը բացե՛ք, այնտեղ կտեսնեք»: Ըստ նրա՝ եթե ղեկավարության հետ ջրերը մի առվով չեն հոսում, ապա դա չի նշանակում, որ իրենք ԵԿՄ դեմ են ելել ու այլեւս իրենց երկրապահ չեն համարում:
Զարմանալի զուգադիպությամբ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում խոսել է ԵԿՄ ներսում վերադասավորումների մասին: Նա ասել է, թե շուտով ԵԿՄ խորհրդի որոշմամբ շատ երկրապահներ լքելու են կազմակերպությունը: «Մենք գիտենք՝ ում հանենք: Դեռ մենք աշխատում ենք ցուցակների վրա: Եթե իրենք մի տեղ անելիք չունեն, իմաստ չունի պահել: Ստիպված ենք էդ մարդկանց հեռացնել, որպեսզի անտեղի տեղը երկրապահի սուրբ անունը չշահարկվի իրանց կեղտերով»,-ասել է նա՝ մոռանալով, որ ԵԿՄ անվան հետ խաղում են Արցախյան ազատամարտի հետ կապ չունեցող Գյումրու քաղաքապետ Վարդանիկին կամ նրա նմաններին ԵԿՄ-ական դարձնողները:
Հ.Գ. «Առավոտ» օրաթերթը դեռ ԵԿՄ համագումարից հետո տեղեկացրել էր, որ ավելի քան 50 երկրապահներ ԵԿՄ-ից դուրս գալու որոշում են կայացրել եւ դիմել ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելին` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Էդիկ Գյումրյանի ազատման դեմ: Սակայն այդ օրերին ԵԿՄ-ում հետեւողականորեն հերքում էին ազատամարտիկների՝ միությունից հեռանալու մասին լուրեը, հիմա այդ հարցով պայքարում են նաեւ դատարանում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս