ԱՊԱՄՈՆՏԱԺՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՇՈՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոցի այգու կրպակները չեն ապամոնտաժվել, իսկ ոստիկանները դեռ շարունակում են պահպանել «անհայտ» սեփականատերերի «բուտիկները»: Երեկ` ժամը 13:00-ին, լրացավ ապամոնտաժող խմբի կողմից իշխանությանը տրված վերջնաժամկետը: Սակայն գործողություններ էլի տեղի չունեցան: Պուրակում «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապամոնտաժողները ժամը 17:00-ին ժողով են գումարել, որի արդյունքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Նշենք, որ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը երեկ Մաշտոցի այգում չէին, թեեւ նախապես հայտարարել էին, որ իրենք եւս ապամոնտաժողների խմբից են: Այնտեղ միայն լրագրողներն էին, բնապահպան ակտիվիստներն ու ոստիկանները: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ պուրակում տիրող իրավիճակն աստիճանաբար նմանվում է շոուի, որն արդեն հոգնեցնում է:  
Ճարտարապետ Օշին Եղիազարյանցը երեկ պուրակում հայտարարեց, որ իրենք «հլու-հնազանդ ձեւով, բայց պայքարի ոգով» շարունակելու են իրենց  գործողությունները:  «Արյունը մեջներս եռալով` կշարունակենք, կարեւորը` տրամադրությունը կա»,-վստահեցրեց ճարտարապետը` ավելացնելով, որ այս պահին ձեռնպահ են գործողություն անելու հարցում: Նա ասաց, որ չգիտի, թե երբ կլինի ապամոնտաժումը, միայն համոզված է. «Ժամը յոթին կամ գուցե ավելի ուշ, չգիտեմ երբ, կսկսվի»: Հայտնի ֆիլմի հերոսի խոսքերի նման. «Մոժետ զավտրա, ա մոժետ պոսլե զավտրա»:
 Կրպակները քանդելու խոստումն իրականացնելու օրն ու ժամն իմանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ապամոնտաժող խմբի մյուս ներկայացուցիչ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը խոչընդոտ չի հանդիսանալու  իրենց գործողություններում: «Մենք այսօր չէինք նախատեսում ապամոնտաժում  անել: Քանի որ այս օրերի ընթացքում ապամոնտաժողների թիվն ավելացել է, այդ իսկ պատճառով նախատեսված է այսօրվա մեջ ժողով անցկացնել, որից հետո կորոշվի»,-ասաց մեր զրուցակիցը` կարեւորելով խորհրդակցություն անցկացնելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ երեկ` երեկոյան, ապամոնտաժողները 29-ն էին, որոնք մտադիր են ոստիկանությանն անակնկալ մատուցել: «Հաջորդ քայլը ոստիկանության համար կլինի անսպասելի»,-հայտարարեց քաղաքագետ-ապամոնտաժող Անդրեաս Ղուկասյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանից (Բազազ)` արդյոք  նա տեղյակ է, թե ինչ են անելու ապամոնտաժողները. «Ես Նաստրադամուսը չեմ, որ կանխատեսեմ: Կարծում եմ, որ մարդիկ ավելի ողջամիտ կգտնվեն ու ծայրահեղ բաների չեն դիմի, իսկ ոստիկանությունն էլ ստիպված չի լինի որեւէ գործողություն անել»: Փոխոստիկանապետը, այնուամենայնիվ, փորձեց գուշակել, որ հնարավոր է` ինչ-որ ծրագրեր փոխված լինեն, կամ այլ ճանապարհ ընտրած լինեն: «Գուցե ինչ-որ սպասելիքներ ունեն»,-ուսերը թոթվելով` պատասխանեց Ռ. Մելքոնյանը:   
Զրուցեցինք նաեւ բնակիչներից մեկի հետ, ով ասաց, որ երկար ժամանակ է, ինչ ինքը թոռնիկի հետ զբոսնում է այգում: Թեեւ այնտեղ շքեղ խաղահրապարակ չկա, այնուհանդերձ, բնակիչները պնդում են, որ իրենց «շենքի  մոտ չկա ուրիշ այգի, որպեսզի այնտեղ գնան»:  
Մենք  երեկ` երեկոյան, փորձեցինք կապ հաստատել քաղաքագետներ Մանվել Սարգսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի հետ, սակայն նրանք չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե երբ են ապամոնտաժվելու Մաշտոցի այգում տեղադրված կրպակները:      
Ի դեպ, Ժիրայր Սէֆիլյանը երեկ tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը ոչ թե ապամոնտաժող է, այլ աջակից, իսկ ապամոնտաժման մասին իրենք կհայտարարեն լրացուցիչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս