Շուրջ 43 տարի է անցել մեծ բանաստեղծ Պարույր Սեւակի առեղծվածային մահվանից, սակայն մինչ օրս էլ մահվան հանգամանքները մինչեւ վերջ պարզված չեն: Քչերը գիտեն 87-ամյա Աշոտ Թադեւոսյանի մասին, ով պնդում է, որ Սեւակի սիրտը մինչ այսօր իր մոտ է:
Ինչպես ինքն է պատմում, կենդանության օրոք անդադար գտնվել է Սեւակի կողքին, իրենց միավորում էր քավոր-սանիկական հարաբերությունը: Ա. Թադեւոսյանի խոսքով` Սեւակի մահվան օրը նա դիահերձարանում 2000 ռուբլով կաշառել է բժշկին եւ սիրտն իր հետ տուն տարել: 43 տարի ֆարմալինի լուծույթով մշակել եւ պահել է 1 կգ-ոց տարայի մեջ:
Գրել եւ հրատարակել է «Իմ Պարույրը» գիրքը, որտեղ պատմել է այս մասին: Բանաստեղծի որդին՝ Արմենը, Աշոտ Թադեւոսյանի խոսքերով՝ չի հավատում, որ իր տան նկուղում այսքան տարի պահած ու փայփայած սիրտը Պ.Սեւակինն է: Տարիներ առաջ ապացուցելու համար, որ այն իսկապես Սեւակինն է, սիրտը Ֆրանսիա ուղարկեցին:
Ցավոք, պատասխանն այնտեղից այնքան էլ հուսադրող չեղավ. լուծույթով տարայի մեջ երկար մնալու պատճառով այն շատ էր վնասվել եւ լաբորատոր փորձաքննության չէր կարող ենթարկվել: Ա. Թադեւոսյանը խնդրում է հավատալ իրեն եւ օգնել իրագործելու վաղեմի երազանքը:
Վերջերս գրավոր դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի օգնեն իրեն սիրտը թաղել Կոմիտասի անվան պանթեոնում` Կոմիտասի կողքին, քանի որ Սեւակի գերեզմանատունն, ինչպես հայտնի է, առանձին է եւ գտնվում է Զանգակատանը: Մինչ օրս, սակայն, կառավարությունից հստակ պատասխան չի ստացվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Թադեւոսյանը նշեց, որ տարիքի հետ կապված մտավախություն ունի. «Մահիցս հետո կկորչի ամեն ինչ…»:
Արևիկ Հակոբյան
Գյումրի