Կոտայքի մարզպետն ու նրա տեղակալներն իրավամբ կարող են համարվել ապահովված պաշտոնյաներից: Նրանք կարողանում են և՛ վաստակել, և՛ կուտակել:
Armlur.am-ն այսօր կներկայացնի նրանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը:
Նախ սկսենք հենց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանից: Նա իր պաշտոնը զբաղեցնում է 2014թ. մայիսի 8-ից, իսկ հայտարարագիրը ներկայացրել է նույն տարվա մայիսի 20-ին: Ըստ այդ հայտարարագրի՝ նա ունի 3 բնակարան, 3 հողամաս և հասարակական նշանակության 1 շինություն:
Հաշվետու տարում Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 59 մլն դրամ, 814 հազար դոլար և 4300 եվրո:
Մեկ տարվա ընթացքում մարզպետը կարողացել է 52 մլն 992 հազար դրամ վաստակել, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից՝ 3 մլն 588 հազար, վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 11 մլն 812 հազար, շահաբաժնից՝ 8 մլն, և «այլ եկամուտներ»-ից՝ 29 մլն 232 հազար դրամ:
Չնայած նրա տեղակալներն այսքան միջոց և եկամուտ չունեն, բայց նրանք էլ վատ չեն ապրում: Օրինակ տեղակալ Կարեն Մարգարյանը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2012-ից, ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Դրա փոխարեն` նա հայտարարագրել է 3 մլն 100 հազար դրամ և տարեկան եկամուտ՝ 2 մլն դրամ:
Կարեն Պապոյանն իր պաշտոնին վերջերս է նշանակվել՝ հուլիսի 29-ին: Ըստ հայտարարագրի՝ նա ունի մեկ հողամաս և մեկ LEXUS LX 470 մակնիշի մեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 9 մլն դրամ և 48 հազար դոլար:
Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ մարզպետի այս տեղակալը կարողացել է 1 մլն 177 հազար դրա վաստակել:
Արամ Հարությունյանի մյուս տեղակալը՝ Ալբերտ Ղազարյանը, ոչ մի գույք չի հայտարարագրել, սակայն նրա դրամական միջոցները բավականին առատ են: Այսպես, նա ունի 39 մլն դրամ, 41 հազար դոլար և 16 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից և «այլ եկամուտներ»-ից կարողացել է 8 մլն 404 հազար դրամ վաստակել: