Ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը 7-րդ տեղը գրավեց պատանեկան ամառային 2-րդ օլիմպիական խաղերում:
Արդեն մեկնարկում (1/32 եզրափակչում) 66 կգ քաշային հայ մարզիկը պարտվելով հարավկորեացի Սունգվան Ռյուին՝ այս մրցումների կանոնակարգի համաձայն ելույթները շարունակեց սփոփիչ փուլում:
Այստեղ, նա մաքուր հաղթանակ տարավ պուերտոռիկացի Ադրիան Գանդիայի նկատմամբ, ապա շարունակելով պայքարը բրոնզե մեդալի համար՝ գերազանցեց բուլղարացի Ստոյան Տարապանովին եւ ամերիկացի Ադոնիս Դիասին: Ցավոք, 3-րդ տեղի համար գոտեմարտում Դերմիշյանը իպոնով պարտվեց ուզբեկ Սուխրոբ Տուրսունովին:
Վաղն առավոտյան կրակուղի են դուրս գալու հրաձիգներ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ հեռավորությունից) եւ Հրաչիկ Բաբայանը (օդամղիչ հրացան, 10 մ հեռավորությունից): Հայաստանը խաղերին ներկայացրել է 14 մասնակից: