Նյու Յորքի կենտրոնում անցկացվել է սուպերհերոսների ցույց: Ֆիլմերի և կոմիքսների հերոսների զգեստներով մարդիկ դուրս էին եկել Թայմս սքուեր, որպեսզի հայտարարեն իրենց իրավունքների խախտման մասին: Խոսքն այն դերասանների մասին է, որոնք գումար են աշխատում՝ փողոցներում մուլտերի հերոսների կերպարներում հայտնվելով և բոլոր ցանկացողների հետ լուսանկարվելով:
Քաղաքի օրենքներն այդ մարդկանց, փաստորեն, նույնացնում են մուրացիկների հետ և արգելում իրենց ծառայությունների համար գումար պահանջել: Նրանք կարող են միայն կամավոր կերպով տրված գումարները վերցնել՝ թեյավճարի նման: Այսինքն, ըստ օրենքի, նրանց հետ լուսանկարվող զբոսաշրջիկը կարող է ընդանրապես ոչինչ չվճարել: Փողոցային դերասանները որոշել են միավորվել և պաշտպանել գումար վաստակելու իրենց իրավունքը:
Ինչպես տեղեկացնում է New York Times-ը, դերասանները խնդրում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ հարգանք դրսևորեն:
Վերջերս ոստիկանները փողոցներում թռուցիկներ էին բաժանել, որոնցում գրված էր, որ զբոսաշրջիկները կարող են չվճարել նրանց: Ցուցարարները հայտարարել են, որ նման գործողություններն անհնար են դարձնում գումար վաստակելը: