ԿՈՆԳՐԵՍԻՑ ԷԼ ՈՐՈՇԱԿԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 36 ընտրատարածքում ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընտրատարածքում իր մրցակիցներն արդեն սկսել են բնակիչների անձնագրերը հավաքել եւ ընտրակաշառք խոստանալ: Նշենք, որ այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ` ԲՀԿ-ից` Մուշեղ Պետոյանը, ՕԵԿ-ից` Հունան Պետրոսյանը, ՀՀԿ-ից` ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը:
-Ծնունդով Արթիկից եք, դա՞ է պատճառը, որ այդ տարածքում եք Ձեր թեկնածությունն առաջադրել:
-Սկզբում նպատակ ունեի իմ թեկնածությունն առաջադրել Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում: Վերջին պահին եմ որոշումս փոխել, քանի որ այդ տարածաշրջանում Կոնգրեսում կարծես թե հարմար թեկնածու չգտնվեց: Ավելի ճիշտ` ցանկություն ունեցողներ չգտնվեցին, քանի որ հաշվի առնելով այդ տարածքը, որ միայն կանխիկ գումարով է գործն առաջ գնում, եւ այնտեղ բավականին բարդ է, ես ստիպված, որպեսզի տեղի ժողովրդին այլընտրանքային հնարավորություն տրվի, վերջին պահին տեղափոխվեցի իմ ծննդավայր:
-Նշեցիք, որ շատ բարդ ընտրատարածք է Ձեզ բաժին հասել, այդ դեպքում ի՞նչ ռեսուրսներ ունեք ընտրվելու համար:
-Եթե նորմալ ընտրություն լինի` ոչ հայաստանյան տարբերակով, որեւէ խնդիր չկա: Կա մեկ խնդիր, որ կոալիցիոն երեք ուժերի ներկայացուցիչներն էլ գյուղերում անձնագրային տվյալներ են հավաքում, անգամ արդեն սահմանն անցել են ու սկսել են անձնագրեր հավաքել` խոստանալով փող բաժանել: 15-30 հազար դրամի մասին են խոսում, որը պետք է բաժանեն մեկ ձայնի համար:
-Իսկ կոնկրետ ո՞ր կուսակցության ներկայացուցիչն է «լծվել» այդ գործին, ունե՞ք կոնկրետ փաստեր:
-Ես նույնիսկ անուն-ազգանուններով գիտեմ, թե ով ինչով է զբաղված, թե որ գյուղում ում անձնագրերն են վերցրել, ով է դրանք հավաքողը: Ես հիմա փորձում եմ իրենց հասկացնել, որ մարդիկ են… չեմ ուզում այդպես հրապարակային, աղմկահարույց բաներ անել: Եթե նրանք անձնագրերը չվերադարձնեն, ես արդեն այդ անունները կհրապարակեմ` կոնկրետ կնշեմ, թե ով է հավաքել, ում անձնագրերը: Երեք ուժերն էլ հավասարապես նույն ոճով, նույն ձեւով «աշխատում» են:
-Պարո՛ն Մակեյան, ժողովուրդը սոցիալապես անապահով է եւ այդ 5-10 հազար դրամի կարիքն ունի, այդ պատճառով է վերցնում, ընդդիմությունն ի՞նչ «դեղատոմս» է առաջարկում ժողովրդին:
-Եթե պաշտոնապես հրապարակվեց, որ աղքատության տոկոսը 34-ի հասնում, ապա Շիրակի մարզում այն 45 տոկոս է կազմում, ամենաաղքատ մարզն է, այդ առումով ընտրակաշառքն ավելի էֆեկտիվ է գործելու: Իմ եւ մնացած գործընկերների հույսը մնում է քարոզչությունը, տուն առ տուն մենք պետք է հասցնենք քարոզչական նյութերը: Դա է մեր միջոցը, մենք այլ միջոց, այլ լծակ չունենք: Եթե անգամ դիմենք իրավապահ մարմիններին, ապա արդյունք չի լինի, քանի որ իրենք գիտեն` ով է բաժանում այդ ամենը, եւ ինչով են զբաղված նրանք:
-Ժողովուրդը հիասթափվել է քաղաքական ուժերից, մարդկանց որոշ զանգվածը հիասթափվել է նաեւ ՀԱԿ-ից:
-Միանշանակ համամիտ եմ Ձեր հարցադրման հետ, եւ իշխանություններն օգտվում են այդ փաստից: Այո՛, Կոնգրեսից էլ որոշակի հիասթափություն կա, եւ մեր խնդիրը հետեւյալն է. մեր քարոզչությամբ փորձել վերականգնել այդ թերահավատությունը: Որովհետեւ 2008 թվականի ընտրությունից հետո ժողովուրդը վստահ էր, որ Կոնգրեսը կանի իշխանափոխություն, հիմա որոշակի թերահավատություն կա, եւ այս բոլոր դեպքերը հաշվի առնելով` ինչ-որ զանգված ուժային կենտրոնը տեսնում է Կոնգրեսի մեջ, եւ եթե Կոնգրեսն իր ակտիվ քարոզչությամբ վերականգնի թերահավատությունը, ապա այդ ուժային կենտրոնը կդառնա ռեալ, եւ վիճակը փոխելու հնարավորություն կլինի:
-Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիրներն իրենց թեկնածություններն առաջադրել են, բայց համոզված են, որ չեն հաղթելու:
-Հիմա ես իմ ընտրատարածքով բացատրեմ, ես քաղաքական մրցակից չունեմ, դա փող բաժանողների խումբ է, խաղի կանոնները լրիվ տարբեր են: Այն, ինչ արդեն սկսել են ամիսներ առաջ, արդեն գնալով խորանում է, իսկ եթե այս ամենը շարունակվի, իհարկե որեւէ ընդդիմադիր գործչի հաղթանակի մասին խոսելն ավելորդ է: Բայց մենք մեր քարոզչությամբ ենք պայքարելու այս ամենի դեմ:
-ՀՀԿ-ի՞, ԲՀԿ-ի՞, թե՞ ՕԵԿ-ի ներկայացուցչին ենք Ձեր մրցակիցը համարում:
-ՀՀԿ-ից մրցակցին լավ եմ ճանաչում, նույնիսկ մարդկայնորեն գիտեմ, նորմալ հարաբերություններ ունենք: ՕԵԿ-ի ներկայացուցիչն ինձ մոտ աշխատել է, ես եղել եմ փոխմարզպետ, ինքը` գյուղապետ: Բայց որ ՕԵԿ անդամ է դարձել, պատկերացնում եմ, թե ինչքանով են մարդկային չափորոշիչները փոխվել… Հիմա ես ո՞նց կարող եմ իրանց մրցակից համարել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս