ԱԺ ՃԱՇԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հայրենի մյուս պետական կառույցների ղեկավարներն ամեն առիթով հավաստիացնում են, որ Հայաստանն օրինապահ երկիր է, բոլորն օրենքի առաջ հավասար են, հարկային պարտավորությունները կատարում են` չկան արտոնյալներ: Բայց արի ու տես, որ դրանք ընդամենը հռետորական ճառեր են, որոնք միայն հնչում եմ բարձր ամբիոններից: Պարզվում է` հայրենի օրենսդիրում` Ազգային Ժողովի ճաշարանում, բացահայտ խաբում են  ե՛ւ պետությանը, ե՛ւ ԱԺ աշխատակազմին:
«Ժողովուրդ»-ն արդեն մի քանի անգամ բարձրաձայնել է, որ ԱԺ ճաշարանը պետությանը հարկեր չի վճարում, ճաշարանի աշխատակիցներն օրենքով գրանցված չեն, հետեւաբար սոցվճարներ չեն կատարում եւ որ ամենակարեւորն է, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում ճաշարանից օգտվողներին: Փորձեցինք Պետական եկամուտների կոմիտեից պարզել, թե իրականում ինչու է ԱԺ ճաշարանն այդ առումով արտոնյալ:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցին, թե Ազգային Ժողովի ճաշարանը սպասարկող «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն արդյոք հարկեր վճարում է, պատասխանել են. ««Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն հարկային մարմնում  հաշվառվել է 2011թ. մայիսից, փաստացի գործունեություն է ծավալել 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին, այդ ընթացքում պետական բյուջե է վճարել 199.800 դրամ հարկեր եւ վճարներ: 2011թ. հոկտեմբերից կազմակերպությունը հայտարարություն է ներկայացրել գործունեության դադարեցման մասին»: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան հարկ են վճարում պետությանն ԱԺ ճաշարանն աշխատեցնելու համար, նշում են. ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն` այդ գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարով, որի հաշվարկման համար կիրառվում է սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի համար սահմանված 0.5 ուղղիչ գործակիցը: 2012թ. ապրիլի 1-ից հանրային սննդի գործունեությունը հաստատագրված վճարի փոխարեն հարկվելու է արտոնագրային վճարով, որը հաշվարկվելու է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածով սահմանված կարգով»:  
Իսկ ՀԴՄ կտրոնի եւ ԱԺ ճաշարանի աշխատողների գրանցման հետ կապված որեւէ բան չեն պատասխանել ՊԵԿ-ից: Ու այս խուսափողական պատասխանից էլ պարզ է դառնում, որ ինչ-որ բան են թաքցնում:
Մեր աղբյուրներից պարզեցինք, որ իրականում «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն, որը սպասարկում է ԱԺ ճաշարանը, գրանցված է Նոր Արեշ 24/43/1 հասցեում: ՍՊԸ-ն առաջին եռամսյակում ցույց է տվել, որ ընդամենը մեկ աշխատող է ունեցել, բայց մենք բազմիցս տեսել ենք, թե ԱԺ ճաշարանում քանի հոգի է աշխատում: Երկրորդ եռամսյակում ընդհանրապես փակ է եղել, չի աշխատել, թե ինչպես, անհասկանալի է, իսկ 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում 2 մարդ է գրանցված եղել: Բայց իրականում այսօր ԱԺ ճաշարանում կա 3 աշխատող, մեկ մատուցող, մեկ բանվոր, մեկ աման լվացող, երեք խոհարար: Այսինքն` փաստացի 9 հոգի ԱԺ ճաշարանում են աշխատում` չհաշված ղեկավարությանը, սակայն պետությանն այլ թվեր է ներկայացվում:
«Ժողովուրդ»-ը, իհարկե, որեւէ խնդիր չունի ԱԺ ճաշարանի աշխատակազմի հետ, պարզապես եթե ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խոսում է օրինականությունից, նախ թող իր ղեկավարած կառույցի ու իր թիկնազորի կողմից հովանավորվող ճաշարանի աշխատանքները վերահսկի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս