Լիլիթ Հովհաննիսյանի հայցի քննության օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Blognews.am լրատվական կայքի քաղաքացիական գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին և ուղարկվել դատավոր Արմեն Դանիելյանի վարույթ:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է սույն թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ հայցապահանջի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, ներողության և պատասխանի հրապարակման մասին է:

Պատասխանող կողմը լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանն է:

Հիշեցնենք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ավելի վաղ համացանցի իր էջում հայտարարել էր, որ Blognews.am լրատվական կայքին բազմիցս խնդրել է իր մասին իրականությանը չհամապատասխանող լուրեր չտարածել, իսկ վերջին հոդվածն էլ խնդրել է ընդհանրապես հանել հրապարակումից, ինչը անել լրատվականը հրաժարվել է:

Իսկ Armlur.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ հայցադիմումի պահանջի համաձայն` ինքը խնդրելու է դատարանին պարտադրել կայքին հերքում տեղադրել նախորդ հրապարակման վերաբերյալ:

Լիլիթը Հովհաննիսյանը վստահեցրել է, որ այսուհետ ցանկացած վիրավորանքի դեպքում` ուղղված իրեն, ինքը դիմելու է դատարան:




Լրահոս