Մաշտոցի պուրակում կրպակներն ապամոնտաժող բրիգադների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասում են, որ քաղաքացիական անհնազանդությունը Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու իրենց միջոցն է: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի քաղաքացինե՛ր, Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով հավատում է, որ ընդհանուր ջանքերով եւ համարձակ գործողություններով մենք կվերականգնենք օրինականությունը Մաշտոցի պուրակում, կարող է միանալ մեր նախաձեռնությանը: Քաղաքացիական անհնազանդության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միանալ Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագրին: Անհնազանդության մասին քաղաքացիների համաձայնագիր 1. Մեր քաղաքացիական անհնազանդության պատճառը Հայաստանի իշխանությունների արհամարհական վերաբերմունքն է Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների դեմ երիտասարդ գործիչների բողոքին: 2. Մեր քաղաքացիական անհնազանդության նպատակն է տապալել իշխանության խորին համոզմունքն առ այն, որ նա իրավունք ունի անբարեխիղճ վերաբերվել հանրության առջեւ ունեցած իր պարտականություններին եւ չարաշահել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները: 3. Քաղաքացիական անհնազանդությունը մեր միջոցն է Մաշտոցի պուրակը ինքնակամ շինություններից առանց բռնության ազատելու համար: 4. Մաշտոցի պուրակի խնդիրը փոքր խնդիր չէ: Իշխանությունները վախենում են, որ եթե այսօր այստեղ զիջեն, վաղը կզիջեն ամենուր: 5. Մեզանից յուրաքանչյուրը կամավոր է միանում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Յուրաքանչյուրս գիտակցում է իր համար այդ քայլից բխող բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ բարեկեցությանը: 6. Մեզանից յուրաքանչյուրն իր հաշվին է ձեռք բերում քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար անհրաժեշտ պարագաները: 7. Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անբողոք կրել քաղաքացիական անհնազանդության հետեւանքով իր համար առաջացած բոլոր զրկանքները»: