«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը երեկ առավոտյան պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Թե որն է եղել հրաժարականի պատճառն, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Միայն հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում աշխատելով բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ, ունեցել է բավականին խոսուն ցուցանիշներ:
Մինչ նրա պետ նշանակվելը, տեսչության կողմից վերահսկվող գրեթե բոլոր ոլորտներում 2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ երբ Արսեն Ավագյանն է նշանակվել տեսչության պետ, արձանագրված ցուցանիշները էականորեն փոխվել են:
Օրինակ՝ հուլիսից հետո ընկած ժամանակահատվածում` վեց ամսում բնապահպանական տեսչության կողմից 100 միլիոն 24 հազար դրամ է մուտքագրվել պետբյուջե, որից 62 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում: Այսինքն՝ վեց ամսվա ընթացքում մոտ 20 անգամ ավելի շատ գումար է մուտքագրվել պետբյուջե միայն օպերատիվ աշխատանքի արդյունքում:
Հետաքրքիր է, թե ինչու այս ցուցանիշները ապահոված պաշտոնյան ինքանակամ հեռացավ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։