ՀՀ-ն արդեն ամուր ու ինքնաբավ տնտեսություն ունի. ԱՄՆ-ի դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հայաստանի զարգացմանն ուղղված ԱՄՆ աշխատանքների համատեքստում 2014թ. օգոստոսը նշանավորվում է որպես շրջադարձային կետ, քանի որ ավարտվում է 1992թ. ի վեր իրականացվող ամենահաջող ծրագրերից մեկը, որի շրջանակում մարդասիրական օգնություն էր տրամադրվում Հայաստանին:

Վերջին 22 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին ու նախկին ԽՄ պետություններին:

Նախաձեռնությունը, որ հայտնի է «Գործողություն՝ հույս պարգևիր» անվանումով, շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել բնակչության խոցելի խմբերին, մասնավորապես՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, անչափահասներին, աղետներից տուժածներին: Մինչ օրս Հայաստանին տրամադրված օգնության գումարային արժեքը հաշվարկվում է շուրջ 435 միլիոն ԱՄՆ դոլար:

«Գործողություն՝ հույս պարգևիր» ծրագրի ավարտը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանն արդեն ամուր ու ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր է: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցությունն Հայաստանին՝ սատարելով մասնավոր հատվածի բազմազանեցման, ամուր ֆինանսական հաստատությունների կայացման և միջազգայնորեն մրցունակ աշխատուժի ձևավորման հարցերում:

Օգոստոսի 21-ին դեսպան Հեֆերնը կազմակերպել էր ընդունելություն այս ծրագրի իրականացման հարցում ներդրում ունեցած գործընկերների պատվին: Ընդունելությանը որպես պատվավոր հյուր մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարության մարդասիրական ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբենդորֆերը: Ներկա էին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղական հասարակական կազմակերպություններ ու ծրագրի անմիջական շահառուներ:

Ծրագրի Հայաստանում ունեցած հաջողություններից առանձնացնենք մի քանիսը.

  • փոքրածավալ վերակառուցման ծրագրերի բաղադրիչի շրջանակում վերանորոգվել են 51 կրթական ու առողջապահական հաստատություններ.
  • բաշխվել են շուրջ 1.2 միլիոն դոլարի արտակարգ իրավիճակների համար նախատեսված փաթեթներ, որոնք ներառել են քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ և դաշտային պայմաններում անհրաժեշտ պարագաներ.
  • ներմուծվել ու ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է բաշխել բնակչության խոցելի խմբերին (մոտ 2 միլիոն շահառու).
  • ավելի քան 230 բուժհաստատություններ ու հատուկ կրթական հաստատություններ ապահովվել են հիմնական դեղորայքով, բժշկական ու ոչ բժշկական պարագաներով (հագուստեղեն, հիգիենայի պարագաներ, դպրոցական պիտույքներ, նորածնի պարագաներ, կարի պիտույքներ, ծածկոցներ, անկողնային պարագաներ և մարդասիրական օգնության այլ պարագաներ).
  • անվճար դեղամիջոցներ, բժշկական ու ոչ բժշկական պարագաներ ստանալու հնարավորություն է ընձեռվել տարեկան շուրջ 150.000 հոգու.
  • շուրջ 34 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ են տրամադրվել առողջության առաջնային պահպանության հիմնարկներին, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով խմբերին.
  • տրամադրվել են ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլարի դեղորայք ու պարագաներ.
  • հիմնվել, սարքավորումներով ապահովվել ու աջակցություն է ստացել Ալավերդու կլինիկան (մասնավոր նվիրատուների հետ միասին). այս կլինիկան համայնքի խոցելի խմբերի բնակիչներին մատուցում է անվճար բժշկական ծառայություններ.
  • ստեղծվել է շարժական բժշկական թիմ, որն անվճար բուժծառայություններ է մատուցում Լոռու ու Տավուշի հեռավոր բնակավայրերի բնակիչներին.
  • տրամադրվել է ավելի քան 100.000 դեղաբաժին պատվաստանյութ կարմրուկի, կարմրախտի ու խոզուկի  (ԿԿԽ) դեմ Երևանում ու գյուղական բնակավայրերում իրականացվող երեխաների պատվաստումների ծրագրի շրջանակում:

Ծրագիր Հայաստանում իրականացվել է 5 հիմնական գործընկեր կառույցների միջոցով, դրանք են՝

Քաունթերփարթի Համայնքային ու մարդասիրական օգնության ծրագիրը (ՀՄՕԾ), ԱՄՔՈՐ-Հայաստան, Հելլենիքեյր, Միջազգային օգնություն և զարգացում (IRD) և Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամ»:




Լրահոս