ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացրել ազատության հրապարակում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դաշնակցությունը գալիս է, որպեսզի իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Այդ մասին Ազատության հրապարակում, երեկ` ապրիլի 10-ին, կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: “Մենք չենք եկել իշխանությունը վերցնելու կամ խլելու, կամ էլ ընտրակաշառքով գնելու համար, ինչպես դա անում են ուրիշները:Մենք չենք եկել իշխանություն մուրալու: Մենք եկել ենք վերցնելու այն, ինչ Սահմանադրությամբ մերն է` իշխանությունը: Այն իշխանությունը, որը խաբեությամբ, ընտրակաշառքներով ձեզնից ուզուրպացրել եւ գողացել են: Մենք ցանկանում ենք այդ իշխանությունը վերադարձնել ձեզ:Բայց պետք է անկեղծ լինենք եւ խոստովանենք մեզ` իշխանությունը մեզնից գողացել են եւ յուրացրել` օգտագործելով մեր թուլությունները: Եւ մենք կվերադարձնենք իշխանությունը` հիմնվելով ձեր լավագույն հատկանիշների` քաջություն, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն վրա”,-հայտարարել է Հովհաննիսյանը:”Եկեք հիշենք, ով է եղել խորհրդարանում: Փորձենք տեսնել, ում ենք մենք հանդուրժել Հայաստանի խորհրդարանում. տգետների, գողերի: Այժմ, երբ մենք ուժեղ ենք, մենք թույլ կտա՞նք, որ կաշառք տվողը հայտնվի խորհրդարանում: Ոչ: Թույլ տանք, որ վախկոտները հայտնվեն խորհրդարանում եւ ձեր փոխարեն որոշեն ձեր ճակատագիրը: Ոչ: Պատրաստ ենք մենք վերադարձնել իշխանությունը եւ ազատությունը: Այո”,-հայտարարել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, շատերի խաբուսիկ գործողությունները շեղում են ուշադրությունը ՀՅԴ-ի հեղափոխականությունից:”Հեղափոխականությունը գոռոցների, աղմուկի մեջ չէ: Նույնիսկ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, կարդալով մեր վերջին ծրագիրը, ընդունում են այն որպես հաջողված եւ կայացած: Ահա իսկական հեղափոխականությունը: Եւ եթե մենք ձեր օգնությամբ կարողանանք դարձնել այն մեր կյանքի մի մասը, ապա հեղափոխությունը կտեսնեն այստեղ կանգնած երեխաները: Դուք ինքներդ կտեսնեք դա: Քանի որ իշխանությունը կվերադառնա ձեզ, եւ հեղափոխության նման կփոխի ձեր կյանքը”,-հայտարարել է Հովհաննիսյանը: Հանրահավաքն սկսելուց առաջ, Դաշնակցությունը երթ է կազմակերպել` Մատենադարանից դեպի Երեւանի կենտրոնական փողոցներ: Նշենք, որ հանրահավաքը կազմակերպվում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում:




Լրահոս