Քննիչները հիմքեր չեն հայտնաբերել ռուսաստանաբնակ գործարար Գեղամ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեից (ՔԿ): Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Տուլայի շրջանում բնակվող գործարարի ընտանիքի վրա ավազակային հարձակում էր իրականացվել: Ատրճանակներով, դանակներով և բեյսբոլի մահակով զինված չորս ավազակ (ինչպես հետագայում պարզվել է` նախկինում ազատազրկված) ներխուժել էին գործարարի տուն և սկսել հարվածներ հասցնել ոչ միայն տանտիրոջը, այլ նաև տանը եղած կանանց և նույնիսկ չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:
Ընտանիքին պաշտպանելու համար Սարգսյանը խոհանոցային դանակով մահացու հարվածներ էր հասցրել նրանցից 3-ին: Չորրորդ ավազակին հաջողվել էր փախուստի դիմել, նա հետախուզվում է:Ըստ ՔԿ-ի` Սարգսյանը հարուցված քրեական գործի շրջանակում հանդես է գալիս որպես տուժող: Քննիչները գտնում են, որ հայ գործարարը դուրս չի եկել ինքնապաշտպանության սահմաններից:Դեռ երկուշաբթի Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սարգսյանը կարող է անցած լինել ինքնապաշտպանության` օրենքով թույլատրված սահմանները: ՔԿ-ն խնդրել է դատախազությանը քրեական գործի հետաքննությունը ոստիկանությունից փոխանցել քննչական գերատեսչություն: