ԿԻԿՈՍԻ ԵՎ ՏԵԽՆՈՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու տեխնոպարկի հայեցակարգը, բացի ինքնաթիռաշինությունից, ենթադրում է նաեւ ոսկերչության, դիզայնի եւ նորաձեւության կենտրոնների ստեղծում: Ինքնաթիռաշինությունը տապալվեց, հիմա էլ զարկ է տրվել վերոհիշյալ կենտրոնների ստեղծմանը:
Այս ծրագիրը ներառված է տեխնոպարկի 2012թ. հայեցակարգում, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ապրիլի 5 ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այսպիսով` պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացվելու է 163 միլիոն դրամ: Այս գումարը ծախսվելու է մի շարք ուղղություններով, բայց նախ եւ առաջ թանկարժեք մետաղների ոլորտում աշխատանքների իրականացման եւ արդյունավետության բարձրացման առումով են քայլեր կատարվելու: Վարչապետն էլ կառավարության նիստում կարծիք հայտնեց, որ մասնավոր հատվածի հետաքրքրությունը հիմա չափազանց մեծ է, ուստի իրենք քայլեր են ձեռնարկում, ֆինանսներ հատկացնում տեխնոպարկը զարգացնելու համար: Տիգրան Սարգսյանը նաեւ շեշտեց, որ հիմա տեխնոպարկում արդեն աշխատում են լաբորատորիաներ. «Մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացնում, ինչը Գյումրու տեխնոպարկին հնարավորություն է տալու մասնավոր հատվածի հետ ծրագրեր իրականացնել: Դա նշանակում է, որ մայիսին կսկսենք շենքի շինարարությունը»: Նա, իհարկե, չմանրամասնեց` ինչ աշխատող լաբորատորիաների մասին է խոսքը եւ ինչ մասնավոր հատվածի հետաքրքրության, որովհետեւ իրականում «տեխնոքաղաքը» դեռ դոփում է իր տեղում, բայց միլիոնները շարունակում են ուղղել ըստ էության տնտեսական որեւէ, թեկուզեւ աննշան տեղաշարժ չապահովող վերացական գաղափարների իրականացմանը:
Տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, սակայն, վստահեցնում է, որ իրենք ինտենսիվ բանակցություններ են սկսել ամերիկացի ու եվրոպացի մասնագետների հետ: Չի բացառվում` ոսկեգործների հետ բանակցությունները հանգեցնեն նրան, որ սարքեր բերեն արտերկրից, ու դեռեւս գոյություն չունեցող արտադրամասը սկսի աշխատել: Արտադրամասի տեղն էլ են որոշել, ասում են` հնարավոր է ոսկեգործության կենտրոնը հիմնվի ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի շենքում: «Մի կողմում կրթություն, մյուս կողմում արտադրություն: Մնում է հաջորդ քայլը, որ տանք բարձրորակ արտադրանք»,-ասում է Գուրգեն Պարոնյանը եւ վստահեցնում, որ ծրագիրը լուրջ է, եւ լուրջ մոտեցում է հարկավոր հատկապես ոսկեգործությունը զարգացնելու առումով: «Մենք, մի ուղղության վրա ուշադիր լինելով, մյուս ուղղությունները չպետք է աչքաթող անենք»,-նշում է տեխնոպարկի տնօրենը` երեւի նկատի ունենալով այն, որ եթե Գյումրիում ավիաշինության մասով ծրագրեր են մշակել, ոսկեգործությունն ու նորաձեւությունը չեն մոռացել եւ որոշել են հիմա էլ այդ ուղղությունները վեր հանել:
Եւ մինչ հայտնի հեքիաթի հերոսի նման տեխնոքաղաք կառուցող իշխանությունները դեգերում են Գյումրիում, մարդիկ, որոնք դեռեւս շատ տարիներ առաջ տեխնոպարկ կառուցելու գաղափարի մասին առաջինն են խոսել, հիմա թերահավատորեն են նայում տեղի ունեցող զարգացումներին: Նման մարդկանցից է Գյումրու տեխնիկական գրադարանի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը: Վերջինս բարձրաձայնում է, որ եթե շարունակեն գումարներ փոշիացնել մի քանի ուղղություններով, ոչինչ էլ չի արվի Գյումրիում:  Նա մատնանշում է զարգացած երկրների փորձը, երբ տեխնոպարկերը նպաստել են կոնկրետ մեկ ուղղղվածության զարգացմանը: «10-20 ուղիով գումարներն ուղղելով` ոչինչ չի փոխվի: Հստակ ուղղվածություն է հարկավոր, կոնկրետ ծրագիր»,-ասում է նա: Հիշեցնենք, որ տեխնոպարկի տնօրենը, չնայած այն հանգամանքին, որ չափազանց իրատեսական է համարում տեխնոպարկի հիմնումը, իսկ գումարների վատնումն էլ` նպատակային, կարծում է, որ գյումրեցին միայն 8-10 տարի հետո է սեփական մաշկի վրա զգալու դրական ազդեցություն եւ տնտեսական առաջընթաց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս