ՉՆՉԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի դասախոսները դժգոհում են իրենց ստացած աշխատավարձից` այն համարելով ծիծաղելի: Ընդհանուր առմամբ, հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում դասախոսի միջին աշխատավարձը կազմում է հարյուր քսան հազար դրամ` պայմանավորված դասախոսի ստաժով, գիտական աստիճանով, դասավանդման ժամով: Այսչափ աշխատավարձը բուհերի ներկայացուցիչները համարում են ոչ արժանավայել: «Այսօրվա պարամետրերով եթե չափենք, իհարկե նույնիսկ ծիծաղելի է: Մենք պարզապես աշխատում ենք»,-ասում է դերասան, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը:
Դասախոսների աշխատավարձերը գոյանում են վճարովի ծառայությունների ֆոնդից: Այդ առումով տարին ճգնաժամային էր, քանի որ նախորդ տարի շրջանավարտներ չեն եղել: Ուսանողների թվի նվազեցումը հանգեցրել է նրան, որ պետական եւ մասնավոր բուհերը ստիպված են եղել կրճատել ծախսերը ու նաեւ դասախոսին վճարվող աշխատավարձը: Գյումրիում ուսանողի պակասը եւս լուրջ խնդիրներ է հարուցել այստեղ գործող բոլոր ուսումնական հաստատությունների համար: Եղան կադրային կրճատումներ, փակվեցին մի շարք ֆակուլտետներ, դասախոսների աշխատավարձը եւս, բնականաբար, ենթարկվեց փոփոխության: «Բուհերը թողնել միայն ինքնաֆինանսավորման վրա, այսինքն` ուսանողի քանակի հիման վրա որոշել դասախոսի աշխատավարձը, ճիշտ չէ: Պետությունն այն տեղերը, որոնք որ պատվիրում է` որպես պետպատվեր, այդ տեղերի համար գոնե պետք է նորմալ աշխատավարձ վճարի, որպեսզի բուհերն էլ կարողանան այդ վճարածի եւ իրենց ունեցածի հաշվին աշխատավարձ բարձրացնել»,-ասում է ԳՊՄԻ դասախոս Արտակ Հովհաննիսյանը: Բուհերի ներկայացուցիչների կարծիքով` դասախոսի ցածր աշխատավարձը բազմաթիվ բացասական հետեւանքների է հանգեցնում: Նախ ուսանողների համար, որոնք դասախոսի աշխատանքը հրապուրիչ չեն համարում: Բացի այդ, ուսումնական հաստատություններում ավելանում են կոռուպցիոն ռիսկերը: «Ընդհանուր առմամբ, նյութական խնդիրը միշտ էլ կոռուպցիոն ռիսկ է իր մեջ պարունակում»,-ասում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հակոբ Զիլֆիմյանը:
Իսկ Արտակ Հովհաննիսյանը համոզված է, որ բարձր աշխատավարձը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկը. «Իհարկե կլինեն բացառություններ, որ ցանկացած աշխատավարձի դեպքում ոչ մի բան չի փոխվի: Բայց էդպիսի մարդիկ քիչ կլինեն»:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս