ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԻՐՔԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե պատերազմի դեպքում ինքն է մեծահարուստների որդիներին դիրքեր ուղարկելու: «Մասնակցելու են, ո՞նց չեն մասնակցի, սաղին կտամ դեմս կքշեմ, կտանեմ ընդեղ: Էն վախտ էլ եմ տարել, ընենց մարդ չի մնացել, որ ընձնից փախել ա»,-հավաստիացրել է պատգամավորը:

Գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձել է նաեւ իր այն հայտարարությանը, թե ինքը Բաքվում թողած գործ ունի. «Ես ոչ միայն Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ, այլեւ աշխարհի լյուբոյ երկրում: Ով փորձի իմ երկրին, իմ պետությանը, իմ ժողովրդին վնասել, ես իրանց բան ունեմ ասելու»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է մի քանի մեծահարուստների հետ՝ պարզելու՝ արդյոք նրանք պատրա՞ստ են պատերազմի դեպքում իրենց զավակներին ուղարկել ճակատ` հայրենիքը պաշտպանելու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարոն Արսենյան, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրա՞ստ եք Ձեր որդուն սահման ուղարկել:
-Իմ որդին այս պահի դրությամբ բանակում է ծառայում:
-Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե եթե պատերազմի ժամանակ մեծահարուստների որդիները ճակատ չգնան, ինքը նրանց «կքշի» այնտեղ: Դուք նման բան թույլ կտա՞ք:
-Ես տեղյակ չեմ, թե գեներալն ինչ է հայտարարել, բայց ես արդեն ասացի, որ հենց հիմա իմ տղան ծառայում է բանակում: Ի դեպ, իմ տղան հայոց բանակում ծառայության է անցել երկու բարձրագույն կրթություն ստանալուց հետո:
-Իսկ ըստ Ձեզ, պատերազմական գործողությունների դեպքում մեծահարուստներն իրենց զավակներին ինքնակամ կուղարկե՞ն հայրենիքը պաշտպանելու: Անձամբ Դուք, նման բան կանե՞ք:
-Ախր հայրենիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը որեւէ կապ չի կարող ունենալ ֆինանսի հետ, դա փոխկապակցված չէ ֆինանսական ռեսուրսի հետ, դրանք միմյանց հետ կապ չունեցող բաներ են: Նման հայտարարություններ անողներին, նրանց, ովքեր որոշում են, թե նման փոխկապակցվածություն գոյություն ունի, պետք է ստուգել՝ հասկանալու, թե իրենք ինչ պրոբլեմ ունեն:
-Բայց, պարոն Արսենյան, մի՞թե տեղյակ չեք, որ այսօր մեծահարուստները շատ մեծ գումարներ են վատնում, միայն թե կարողանան իրենց զավակներին ազատել հայոց բանակում ծառայելուց: Չե՞ք կարծում, որ դա է պատճառը, որ այսօր հասարակության շրջանում նման տպավորություն է ստեղծվել:
-Մարդիկ տարբեր են լինում, այսօր լիքը մարդ կա, որ չի ծառայում բանակում առողջական պատճառներից ելնելով, մարդ կա՝ չի ծառայում բանակում, որովհետեւ երկրում չի գտնվում, դա սովորական քաղաքացու վերաբերմունքն է իր հայրենիքի նկատմամբ: Բայց այդ դեպքում որեւէ կապ չունի, թե քաղաքացու նյութական բարեկեցությունն ինչ աստիճանի վրա է գտնվում: Նախ՝ ցանկացած ծնող պետք է ձգտի, որպեսզի պատերազմ չլինի, պետք է սկսել դրանից: Պատերազմում ավելի շատ տուժում են երիտասարդները: Սրանք շատ լուրջ ու նուրբ թեմաներ են:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (Դերժավայի Արկադ)
-Պարոն Համբարձումյան, Աստված ոչ արասցե, պատերազմի վերսկսման դեպքում Դուք թույլ կտա՞ք, որպեսզի Ձեր որդին շփման գիծ մեկնի ու հանուն իր հայրենի հողի պայքարի հակառակորդի դեմ:
-Իհարկե այո:
-Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ եթե անգամ մեծահարուստները թույլ չտան, որպեսզի իրենց որդիները սահման մեկնեն, ինքը դա կանի: Դուք համամի՞տ եք նրա հետ:
-Իմ որդին դեռեւս 16 տարեկան է, իհարկե ինքը պետք է ծառայի հայոց բանակում ու հարկ եղած դեպքում հայրենիքը պաշտպանի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՄԱՊ-ի Ալիկ)
-Պարոն Պետրոսյան, պատրա՞ստ եք Ձեր որդուն ուղարկել սահման, եթե պատերազմը վերսկսվի:
-Ես չեմ հասկանում, թե այդ ինչ տրամաբանության մեջ են նման հայտարարություններ անում, եթե պատերազմ լինի, ես էլ կգնամ, դու էլ կգնաս: Իմ տրամաբանության մեջ չի մտնում, որ եթե հայրենիքը վտանգի մեջ է` ինչ-որ մեկը կարող է չգնալ, հարուստ է, կամ քյասիբ է, տղա է, թե աղջիկ, մենակ տղերքը չէ, աղջիկներն էլ պետք է գնան: Ես այդպես եմ կարծում:
-Բայց այսօր մեծահարուստներն անգամ թույլ չեն տալիս, որպեսզի իրենց զավակները հայոց բանակում ծառայեն, էլ ուր մնաց` պատերազմի դեպքում իրենց սիրասուն բալիկներին ուղարկեն մարտի դաշտ:
-Ես չեմ կարծում, որ նման բան կա, դրանք ենթադրություններ են, իսկ դուք այդ հարուստ պապաներին հարցրե՞լ եք, թե ինչու չեն թողնում, որ գնան: Ինչ է, ես պակա՞ս հայրենասեր եմ, հայրենասիրություն ունենալն ի՞նչ կապ ունի մարդկանց ֆինանսի հետ: Եթե մարդը հայրենասեր է, ապա կապ չունի, թե նա ինչ կարգավիճակում է ապրում: Եթե այսօր մարդը հայրենասեր չեղավ ու նաեւ հաց չունեցավ ուտելու, ապա կարող է իր զավակին չթողնել, որպեսզի սահման մեկնի` հայրենիքը պաշտպանելու: Դա իմ տեսակետն է:

 

 
ՍՈՖՈՅԱՆԻՆ ՉԵՆ ԱՍԵԼ, ՈՐ ՇՓՄԱՆ ԳԻԾ ԳՆԱ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սոֆոյանն օրերս Հյուսիսային պողոտայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին «մեկնաբանում» էր այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը: Չնայած այն բանին, որ շուրջ երկու տարի է Հ. Սոֆոյանը Աժ ամբիոնից մեկ բառ անգամ չի արտաբերել, վերջինս պարզվում է՝ շատ լավ գլուխ է «հանում» շինարարությունից ու անձամբ է հետեւում Հյուսիսային պողոտայում ընթացող շինարարության ընթացքին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու, թե նա ինչ կապ ունի Հյուսիսային պողոտայում ընթացող շինաշխատանքների հետ:

-Պարոն Սոֆոյան, մի քանի օր առաջ Դուք ուղեկցում էիք Հյուսիսային պողոտա այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրան ներկայացնում շինարարական աշխատանքների ընթացքը: Դուք ի՞նչ առնչություն ունեք Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքների հետ:
-Որպես երկրի վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Հյուսիսային պողոտա:
-Դա հասկանալի է, բայց Դուք ի՞նչ առնչություն ունեք այնտեղ ընթացող աշխատանքների հետ:
-Ես խի՞ էի գնացել. որովհետեւ մեր մայրաքաղաքի հյուսիսային պողոտան է, ես իրավունք չունե՞մ գնամ այնտեղ:
-Այնպիսի տպավորություն էր, որ Դուք ուղեկցում էիք ՀՀ վարչապետին ու նրան տեղեկացնում էիք շինարարական աշխատանքների մասին:
-Ներդնողը իմ մտերիմ ընկերն է` Սամվել Կարապետյանը, ես էլ ժամանակ առ ժամանակ գնում եմ՝ տեսնելու, թե ընդեղ ինչ է կատարվում: Ընդամենը այդքանը: Իսկ ես պարոն վարչապետին չեմ հարցրել, թե ինչի՞ համար է եկել Հյուսիսային պողոտա, երեւի հասկանալու համար, թե երբ կավարտվի շինարարությունը եւ ինչ որակի աշխատանք է տարվել:
-Իսկ Դուք ինքներդ տեղյա՞կ եք, թե այդ աշխատանքներն ինչպիսի որակով են իրականացնում, եւ արդյոք երբ կավարտվեն:
-Շինարարությունը կավարտվի սեպտեմբերի 10-ի կողմերը: Հատակը սարքելուց հետո այնտեղ հազար բան կա չէ՞ սարքելու համար՝ լույսերը, նստարանները եւ այլն: Ուղղակի այդ ամենը նաեւ բերվում է դրսից ու դա է խնդիրը, որ անընդհատ հետաձգվում է: Հիմա, օրինակ, քարերն են բերում, պետք է ասեմ, որ ռազտամոժկեն շուտ անեն, որպեսզի շուտ հասնի ստեղ, որ գործն էլ շուտ առաջ գնա: Մարդիկ շատ մեծ գործ են անում ու ժամկետներն էլ չի էլ ուշանում:
-Պարոն Սոֆոյան, այս օրեին ՀՀ-ի ու Արցախի սահմանի վրա շատ լարված իրավիճակ էր, ինչո՞ւ գոնե մեկ անգամ շփման գիծ չմեկնեցիք:
-Քաղաքում չեմ եղել, չեմ գնացել, ինձ էլ չեն ասել:
-Իսկ ո՞վ պետք է ասեր:
-Դե, վաբշե ո՞վ ա եղել, որ գնացել ա:
-ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարները, Աժ խմբակցությունները,,, յուրաքանչյուրն իր ցանկությամբ է գնացել կամ պատվիրակության ուղեկցությամբ:
-Դե մենք էլ կգնանք, ի՞նչ է եղել, ես քաղաքում չեմ եղել: Ամեն ինչին մաքսիմում հետեւել եմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԷՊՈՍԱԳԵՏԻ ՎԱՐԴԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով 12 տարի ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկի իր խցում վարդեր է աճեցնում: Մեզ հետ զրույցում նրա կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, հաստատեց, որ ամուսինը բույսեր է աճեցնում: Նշենք, որ Սեդրակյանը ՔԿՀ-ում ոչ ոքի հետ չի շփվում. միայն զբաղված է ընթերցանությամբ:
Ի դեպ, էպոսագետի կինը կայացված վճիռը բողոքարկել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում:

 

ՉԻ ԳՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, վերջին ժամանակահատվածում աշխատանքի չի գնում: Հակոբյանի մտերիմները նկատել են, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Մ. Հակոբյանը չի հետաքրքրվում նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքներով, ու կարելի է ասել՝ Մ. Հակոբյանը որոշել է քաշվել մի կողմ` չխառնվելով կոմբինատի աշխատանքներին: Մեր տեղեկություններով՝ Մ. Հակոբյանին հիասթափեցրել է կոմբինատի տնօրենի պաշտոնից «պաշտոնանկ» արվելու փաստը:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, թե ինքը շատ զբաղված է ու անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 24-ին որոշում էր կայացվել Մ. Հակոբյանին հեռացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնից՝ նշանակելով խորհրդի նախագահ:

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից գնված Երեւան TV հեռուստաընկերությունը տեղափոխվել է «Օրինաց երկիր» կուսակցության գլխավոր մասնաշենք: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՕԵԿ-ն իր գրասենյակի դռները բացել է սեփական հեռուստաընկերության առջեւ: Կուսակցությունն ամեն ինչ անում է, որ հեռուստաընկերությունը կայանա լրատվական դաշտում: Տեղեկություններ կան նաեւ, որ ՕԵԿ-ը մտադրություն ունի հեռուստաընկերությունն անվանափոխել՝ «Հայկական 3-րդ հեռուստաալիք»:
Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է: Իսկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ ասաց, թե ինքը նման տեղեկությունները չի մեկնաբանում:




Լրահոս