ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵ՞Ն ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետեր հայտնվել էին դատարանում: Նրանց նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպչական-տնօրինչական գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք, նրանք պաշտոնական դիրքը շահադիտական նպատակներով ծառայության շահերին հակառակ օգտագործելով կատարել են դիզվառելիքի խոշոր չափերի յուրացումներ:
Ըստ մեղադրանքի` գյուղապետերը գյուղացիներին հատկացված էժան դիզվառելիքի փաստաթղթերը կեղծել են՝ ներկայացնելով, թե իբր գյուղացիներն այն ստացել են, իսկ ստացված գումարները յուրացրել: Խոսքն ավելի քան 50 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ դատարանն իրենց մեղավոր է ճանաչել, բայց միեւնույն ժամանակ ազատել է պատիժը կրելուց: Իսկ պատժից ազատելու պատճառն այն է, որ մինչ դատավարությունը գյուղապետերը հատուցել էին պետությանը պատճառված վնասը:
Տեղեկացնենք, որ գյուղացիներին դիզվառելիք հատկացվում է պետական աջակցության շրջանակներում: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ՀՀ պետական բյուջեից դեռեւս 2011-ին որպես սուբսիդավորում 1,3 մլրդ դրամ էր տրամադրվել «Ֆլեշ» ընկերությանը, որպեսզի վերջինս 12 հազար 600 տոննա դիզվառելիքը զեղչված գներով մատակարարի գյուղացիներին: Ծրագրով գյուղացիները հնարավորություն էին ստանում 1 լիտր դիզվառելիքը 440 դրամի փոխարեն գնել 350-ով:
Սակայն կառավարության այս որոշումից կարճ ժամանակ անց Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիք տրամադրելու գործընթացում կատարված յուրացումների, պաշտոնական կեղծիքների եւ պաշտոնական դիրքի չարաշահումների առթիվ: Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ այդ չարաշահումները տեղի էին ունեցել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում: Այս քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ հատկացված դիզվառելիքի մեծ մասն ուղղակի չի հասել իր հասցեատերերին: Գյուղացիներին ստիպել էին ստորագրել համապատասխան փաստաթղթերը, բայց տրամադրել էին հասանելիք դիզվառելիքի միայն մի մասը:
Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանը, Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը, Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լարվենդիկ Ղազարյանը, Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը, Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը, Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը, Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը եւ Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը հայտնվել էին դատարանում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց այս համայնքների ղեկավարներից մի քանիսի հետ` պարզելու` արդյոք իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են կատարված յուրացումների մեջ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Պետական գործ է, մեկը սխալվում է, մյուսը ճիշտ է լինում: Մեզ նեղություն չեն տվել, ավել բան չեն պահանջել մեզանից: Անձամբ ես գյուղացիներին դիզվառելիք եմ տվել, բայց անձնագրի տվյալները չեմ վերցրել: Իհարկե այդ ժամանակ նման բան մեզանից չէին պահանջում: Մեզ նախապես չեն զգուշացրել, որ պետք է դիզվառելիք տալու դեպքում բնակչից անձնագրի սերիա վերցնենք: Հետո՝ որոշ ժամանակ անց, պահանջեցին դիզվառելիք ստացած անձանց անձնագրի տվյալները ներկայացնել: Ես էլ ներկայացրեցի եղբորս, ընկերոջս անձնագրի տվյալները՝ չմտածելով, որ հետո հայտնվելու էինք փաստի առաջ: Ու այդպես էլ եղավ: Պատահական եկան հարցաքննեցին եղբորս, իսկ եղբայրս էլ բանից անտեղյակ էր: Դե, իհարկե, ես էլ բացատրեցի, որ նախկինում մեզանից անձնագրի տվյալներ չեն պահանջել, դրա համար էլ մենք գյուղացիներին դիզվառելիքն առանց դրա ենք բաժանել»:
Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանն էլ իր հերթին պնդեց, որ այս գործով ինչ եղել է՝ թյուրիմացության հետեւանքով է: «Անհիմն էր: Անմեղ ենք մենք: Սխալ ինֆորմացիայի հիման վրա մեր կողմից կատարված օրինական գործողությունը որակվեց որպես անօրինական: Մենք էլ ապացուցեցինք, որ անմեղ ենք: Նշված էր՝ անսահմանափակ քանակությամբ կարող ենք տալ գյուղացուն, հստակ թիվ չկար, թե մարդուն քանի լիտր է հասնում: Մենք օրինական դաշտում գումարը մուծել ենք եւ հասանելիք վառելանյութը ստացել: Բայց արի ու տես, որ դիզվառելիքի հստակ թիվ կա սահմանված, որը պետք է բաժանենք գյուղացուն: Դուք չգիտե՞ք, թե այսօր ում են կանչում դատարան: Ոչ թե մեղավորին, այլ՝ անմեղին, իսկ հանցագործները հանգիստ ման են գալիս փողոցներում»:
Իսկ Նորակերտի համայնքապետ Գերասիմ Սարգսյանը տեղի ունեցածից շատ էր զայրացած. «Մենք անմեղ ենք ու ոչ մի կապ չունենք էդ փաստաթղթերի կեղծումների հետ: Ես չհասկացա, թե ինչ եղավ, որ դատարանում հայտնվեցինք: Բայց ապացուցեցինք, որ մեղավոր չենք: Ի վերջո, չհասկացանք, թե մեզ ինչում էին մեղադրում»:
Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը նույնպես վստահեցրեց, որ այս գործարքում ոչ մի փաստաթուղթ չի կեղծվել. «Ամբողջ հանրապետությունը զբաղվեց մեզանով: Մենք մաքուր ենք: Բաժանման հարցն էր խնդիրը: Այսինքն՝ մի գյուղին հատկացրել են, ենթադրենք, 40 տոննա դիզվառելիք, բայց փաստաթղթով հատկացվածի չափով նշված չի եղել: Թվերը խառնել էին իրար»: Ի դեպ, Ախպրաձորի գյուղապետ Լարվենդիկ Ղազարյանը կատարվածից հետո իր համապատասխան աշխատակիցներից մեկին նկատողություն է տվել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հետ. «Դիզվառելիքը տալիս է «Ֆլեշ» կազմակերպությունը: Ամեն ինչը, ամեն մանրուքի մասին մինչեւ բաժանելը նախապես զգուշացնում ենք գյուղապետերին: Եթե իրենք հակառակն են պնդում, ապա դա իրենց խնդիրն է: Բայց նշեմ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ կարգով պետք է բաժանվի դիզելային վառելիքը, ազատական պարարտանյութը: Շատ էլ` որ գյուղապետերը նման բան են ասում»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԵՐ
ԶԵՆՔ ԿՏՐԱՄԱԴՐԵ՞Ն
Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի կատարած այցելության ժամանակ կոթեցիները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից խնդրել էին իրենց զենք բաժանել: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը համարում է, որ հայ սահմանապահները լավ են կատարում իրենց պարտականությունները, եւ ասում, որ զենքը պետք է բաժանել միայն օրենքով սահմանված կարգով: «Ժողովուրդ»-ը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից հետաքրքրվեց կոթեցիներին զենք տրամադրելու հնարավորության մասին: Մարզպետն ասաց, որ ոչ միայն Կոթիի, այլեւ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին զենք կտրամադրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նրա խոսքով, սակայն, դրա համար պետք է սահմանել ընթացակարգ, որպեսզի պատշաճ ձեւով վերահսկողություն իրականացվի: Զենք ստանալու ցանկության մասին հայտարարել են նաեւ Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղի բնակիչները: Չորաթանի Ներքին հողեր տեղամասը սահմանակից է Ադրբեջանին, դաշտում աշխատող անզեն գյուղացիները հաճախ են դառնում ադրբեջանական գնդակոծության թիրախ: Հիմա Տավուշի սահմանագոտում հարաբերական անդորր է: Հուսանք, որ այն երկար կշարունակվի: Սակայն պետք է ամեն պահի պատրաստ լինել, որ ադրբեջանական զինուժը անդորրը կխախտի եւ նենգ քայլերի կդիմի: Հիշենք վերջերս Այգեձորում կատարված դեպքը: Հուլիսի 30-ին ադրբեջանցի դիվերսանտը մտնելով գյուղի տարածք՝ վիրավորել էր կորած անասունները որոնելու, նաեւ անտառից վառելափայտ բերելու գնացած այգեձորցի, 1965թ. ծնված Վալեր Ճաղարյանին: Բարեբախտաբար, գնդակը դիպել էր այգեձորցու ուսին եւ նրան ծանր վնաս չէր պատճառել: Այգեձորցիները վստահ են` եթե Վալերը զենք ունենար, կկարողանար դիմադրել ելուզակին:
Վերջերս Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ ինքը 250 հազար դրամ վճարելով` օրինական կարգով հրազեն է գնել: Նա ասաց, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում լքել հայրենի հողը, իսկ իր ընտանիքը պաշտպանելու համար պետք է զենք ունենալ:
Վերջին տարիներին Տավուշի սահմանագոտու բնակիչների մոտ պահվող, չգրանցված զենքն ու զինամթերքը ոստիկանությունն առգրավել է, այդ կապակցությամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Մամուլի հրապարակումներից, ոստիկանության հաղորդագրություններից պարբերաբար լսում ենք Երեւանի կենտրոնում, հանրապետության այլ վայրերում ինքնաձիգերով եւ տարատեսակ զենքերով արյունալի «ռազբորկա»-ների մասին: Փաստորեն` հանցագործ տարրերը զինված են, իսկ սահմանամերձ գոտում ապրող մարդիկ անզեն են:
ԲԵՐՔԸ ՊԱԿԱՍ ԷՐ
Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ իրենց հաջողվել է հնձել գյուղի 27 հա հացահատիկը: Այդ տարածքը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 15 հա աշնանացանի արտ կար: Դրանից 8 հեկտարը գտնվում էր ապահով գոտում: 7 հեկտարի հունձն ուշացավ, այն կատարվեց հայ-ադրբեջանական սահմանում լարվածության անկումից հետո: Բաղանիսում հունձն ավարտվել է օգոստոսի 17-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՊՈՐՏ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ Է
Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը «Bundesliga.com»-ին տված հարցազրույցում խոսել է գերմանական ակումբի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ իտալացի Չիրո Իմոբիլեի մասին, ինչպես նաեւ անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակին:
«Ինձ զարմացրեց Օբամեյանգը: Նախորդ մրցաշրջանի մեկնարկային խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Վստահ եմ, որ նա քայլ առաջ է կատարել եւ այս մրցաշրջանում ավելի կայուն խաղ կցուցադրի: Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ կատարելագործվել է: Նրանք երկուսով լավ մարզավիճակ են ձեռք բերել: Պետք չէ մեծ հույսեր կապել Իմոբիլեի հետ: Լեւանդովսկու բացակայությունը կփորձենք լրացնել թիմային խաղի միջոցով: Այժմ ունենք չորս հարձակվողներ, ովքեր կարող են գործել տարբեր դիրքերում»,-ասել է Ցորկը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը: Օգոստոսի 23-ին «Բորուսիա»-ն առաջին տուրում կընդունի Լեւերկուզենի «Բայեր»-ին: Հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում:
ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կողմից հրավիրվել է մասնակցելու «Գրան պրի» մրցաշարերին, որոնց առաջին երկու հաղթողները կորակավորվեն 2014-2016թթ. աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
«Գրան պրի»-ն բաղկացած է չորս մրցաշարերից: Յուրաքանչյուր գրոսմայստեր կմասնակցի երեք մրցաշարի, ինչի արդյունքում կկազմվեն վերջին արդյունքները: «Գրան պրի»-ի մրցաշարերը, որոնց կմասնակցեն 16 շախմատիստներ, կկայանան Բաքվում (2014թ. հոկտեմբերի 1-15), Տաշքենդում (2014թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3), Թեհրանում (2015թ. փետրվարի 14-28) եւ Մոսկվայում (2015թ. մայիսի 13-27): 11 գրոսմայստերներ ընտրված են ՖԻԴԵ-ի կողմից, մեկական մասնակիցներ կներկայացնեն կազմակերպիչ երկրները, իսկ մեկ թեկնածուն կներկայացվի ՖԻԴԵ-ի նախագահի կողմից:
Հրավիրվածների թվում են նաեւ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Անդրեյկինը եւ Եվգենի Տոմաշեւսկին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: