«ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ»-1
Ապրիլի 8-ին Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաների ուղեկցող շքախմբով մոտեցել է եւ պահանջել դադարեցնել պաստառի տեղադրումը` սպառնալով հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ: Այնուհետեւ նա պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանզի` «իր քաղաքում ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել»: Կատարված դեպքի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնում Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով` պաշտոնական լիազորությունների չարաշահում, քրեական գործ հարուցելու նպատակով:
«ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆ»-2
Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ շաբաթ օրը ինքնաբացարկ հայտարարած անկուսակցական Մերուժան Մխոյանն ուղեղի ցնցում է ստացել։ «Արմավիր» բ/կ-ում գտնվող Մխոյանի կինն ու ընտանիքի անդամներն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է ուրբաթ օրը` վաղ առավոտյան, իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետեւանքով: Այդ ամենի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին: Վերջինիս շտաբից, սակայն, շարունակում են հերքել իրենց առնչությունը միջադեպին:
ԻՐԵՆՔ ԼԱՎ ԳԻՏԵՆ
«Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից, ՀՌԱՀ-ում նույնպես պետք է քվոտա ունենա ընդդիմությունը: Ասում են՝ եթե էդքանը տանք ընդդիմությանը, էլ մենք ինչի՞ ենք գալիս իշխանության»,-ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է ՀՅԴ ՀՀ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով՝ մեր երկրում այնպիսի կադրային քաղաքականություն են վարում, որ «եթե դու մոտիկ չես իշխանություններին, ոչ մի բան էլ չես ունենա, քեզ չեն նշանակի այն պաշտոններին, որոնց դու արժանի ես»: Ինչ խոսք, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն այս առումով շատ լավ պետք է տեղեկացված լինի, քանի որ տակավին վերջերս Դաշնակցությունն «իշխանությունների հետ շատ մոտիկ էր»:
ՄՏԱՀՈԳ ԵՆ
Ապրիլի 6-ին հրապարակվել է ԵԱՀԿ եւ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է մարտի 22-ից ապրիլի 2-ի ժամանակահատվածը: Զեկույցում մասնավորապես ասված է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են հայտնել ընտրացուցակների որակի, ինչպես նաեւ արտասահմանում բնակվող մեծ քանակով ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, որոնց անունները դեռեւս առկա են ընտրացուցակներում, եւ որի միջոցով կարելի է դիտավորյալ ավելացնել գրանցված քվեարկողների թիվը։ Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ բնակչության եւ քվեարկողների ռեգիստրների որակը շարունակաբար բարելավվում է, որի արդյունքում աճում է քվեարկողների թիվը, դրան գումարվում են այլ գործոններ, ինչպիսին են 18 տարեկան դարձած քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերի թիվը»։
«ԶՈՌԲԱՆԵՐԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐԸ
Առաջիկայում նախատեսված է Սերժ Սարգսյանի այցն Արմավիրի մարզ, որտեղ Սարդարապատ (նախկին Հոկտեմբեր) գյուղում նախագահը մասնակցելու է ՀՀԿ-ական պատգամավոր, ծնունդով սարդարապատցի Նահապետ Գեւորգյանի (Նովոյի) ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին` Արտակ Գեւորգյանը, օրերս իր կողմնակիցների հետ դաժան ծեծի էր ենթարկել թիվ 21 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մերուժան Մխոյանին եւ ստիպել նրան հրաժարվել իր թեկնածությունից: Փաստորեն, ստացվում է, որ «ես դեմ եմ զոռբայությանը» հայտարարող Սերժ Սարգսյանն իր այցով «դուխ է տալիս» զոռբայությամբ հարցեր լուծող Նովոյին: