«Ծառուկյանը ոչինչ չի ուզում: Ամեն ինչ ունի Աստծո կամոք: Ուզում եմ, որ ժողովուրդն արտագաղթի ճանապարհը մոռանա, մարդն աշխատանք ունենա, որ տղամարդը կարողանա իր ընտանիքը պահի, կնոջ դեմքից ժպիտը չպակասի, թոշակառուն արժանապատիվ ծերություն վայելի, փոքր ու միջին բիզնեսը կարողանա հզորանալ»:
Մենք ուզում ենք հավատալ Ծառուկյանին: Հատկապես, երբ մարդն իր մասին երրորդ դեմքով է խոսում, ուրեմն լուրջ բան է ասում: Ժամանակին Արտաշես Գեղամյանն էլ էր իր մասին խոսում երրորդ դեմքով: Ինչեւէ: Եթե իսկապես ԲՀԿ առաջնորդն ուզում է այն, ինչի մասին բարձրաձայնում է, ինչո՞ւ է հիմա ասում: Եթե չենք սխալվում, անցած հինգ տարիների ընթացքում գոնե սոցապնախարարությունը եղել է ԲՀԿ-ի տիրապետության տակ: Նախարարները թաշկինակի պես փոխվեցին, բայց մարդկանց արտագաղթի տեմպերը չթուլացան, կանանց դեմքին էլ առանձնապես ժպիտ չկա: Ուրեմն էլ ի՞նչ է ուզում Ծառուկյանը կամ ինչպե՞ս է ուզում, որ անցած տարիներին չհասավ դրան: