“Ռուբեն Հայրապետյանը, հաշվի առնելով, որ ես բազմազավակ հայր եմ, ընտրության մեջ եմ, դրա համար գումար է փոխանցել”,-այդ մասին մի քանի լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով Հայրապետյանի կողմից իր նախընտրական հիմնադրամ 50 հազար դրամ վճարելու փաստը:
Հարցին, թե ինչո՞ւ ինքը պատասխան քայլով նույնքան գումար չի մուծել Հայրապետյանի նախընտրական հիմնադրամին, Ալեքսանյանը պատասխանեց.
“Ինքը դրա կարիքը չունի”:
3 երեխա ունենալը բազմազավակ լինելու նշան չէ՞:
Չէ: Չորս եւ ավելին է: (Ալեքսանյանն ունի 7 երեխա-խմբ.)
Ինչպե՞ս եք պահելու Ձեր երեխաներին, միայն պատգամավորի աշխատավարձո՞վ:
Այո, բավարարում է:
Ձեր նախընտրական հիմնադրամին որքա՞ն գումար է փոխանցվել:
Դեռ չենք հաշվել, բայց կարծում եմ` կբավականացնի: Իմ վիճակը հասկանալով` ժողովուրդը մուծումներ կանի, եւ կբավականացնի:
Կընտրի՞ ժողովուրդը Ձեր պես սոցիալական ծանր վիճակում գտնվող թեկնածուին:
Այո, կընտրի:
Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
Ընտրություն է, թող սաղ էլ պայքարեն:
Չեք կարծո՞ւմ, որ իրենց սոցիալական վիճակը կարող է ավելի լավ լինել, եւ կաշառք բաժանեն ու անցնեն:
Դա իրանց պրոբլեմն ա:
Դուք չե՞ք բաժանելու:
Ինձ փող որտեղի՞ց, որ բաժանեմ:
Սիթի-ները վաճառեք, բաժանեք:
Սիթի-ներն իմը չեն:
Ձեր կնոջից ուզեք:
Չէ, այդ հարցերով չի օգնում ինձ: Ասում ա` դրել ես, գնա մասնակցի, կրի:
Բանավիճելո՞ւ եք Ձեր մրցակցի` Նիկոլ Փաշինյանի հետ:
Եթե չեք լսել, Հայրապետյանը ասուլիս ա տվել, ասել ա: Ինքը իմ ընկերն ա, կարա իմ տեղը ասի: Հայրապետյանն ինչ ասում ա`ճիշտ ա ասում: (Նշենք, որ Հայրապետյանն ասել էր. ,Ալեքսանյանին կդադարեմ հարգել, եթե գնա` Նիկոլի հետ բանավիճի, նրա հետ հավասարվի: Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իր առաջնորդը, եւ Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ով է ավելի օգտակար` ինքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանըե):
Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
Թող ժողովուրդն ասի: Ես ասել եմ, որ իմ մրցակիցը Վարդան Վարդանյանն է:
Բացառո՞ւմ եք, որ բախումներ կլինեն այս ընտրատարածքում:
Ոչ մի բան չի լինի: Մենք քաղաքակիրթ ձեւով ընտրությունները կանցկացնենք:
Իսկ լցոնումներ լինելո՞ւ են:
Մենք ոչ մի անգամ նման բանով չենք զբաղվել:
Ինչո՞ւ Ազգային Ժողովում հարցեր չեք տալիս:
Հիմա որոշել եմ` ակտիվ եմ լինելու:
Ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը նոր ԱԺ-ում:
Սպորտի հետ կախված, սոցիալական հարցերով: Ժամանակը կգա, խնդիրը կդնենք, դուք էլ կլսեք:
Սպորտի մասին օրինագիծը Ռուբեն Հայրապետյանն է ներկայացնելու:
Ինքը իմ ընկերն է, ինքը կարող է ներկայացնել, ես էլ կարող եմ ներկայացնել: