ՆՈՐ ՈՒԺ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար յուրաքանչյուր համապետական ընտրություն իր մեջ լուրջ բացահայտումներ անելու խորհուրդ ունի: Եթե նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտվեցին մի քանի քաղաքական միավորներ, որոնք «ընդդիմադիրի դիմակով» սպասարկում էին իշխանության շահերը` խաբելով ժողովրդին, ապա այս ընտրություններից առաջ օրըստօրե պարզվում է, որ երկրում ընդհանրապես չկա այնպիսի կուսակցություն, որին անվերապահ վստահեն: Հասարակությունը հավասարապես հիասթափված է ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական կուսակցություններից: Վստահության պակասն այն աստիճան է զգացվում, որ երբ լսում են` մեծամասնական ընտրակարգով առաջադրված որեւէ թեկնածու ներկայացնում է կոնկրետ կուսակցության, մարդիկ անմիջապես դռները փակում են նրանց դեմ:
Իսկ ի՞նչ պետք է անել. դժվար թե հավատի, վստահության, արդարության եւ այլ գեղեցիկ կարգախոսներով հնարավոր լինի երկրում իրավիճակ փոխել: Մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից: Ռեալ քայլեր են ուզում տեսնել: Իսկ դրանք տարիներ շարունակ չեն արվել: Արդյունքում` վստահության դեֆիցիտն այսօր այնքան է բարձրացել մեր երկրում, որ դժվար է ասել, թե մարդիկ ինչպես կարձագանքեն իշխանության ղեկին մոտ կանգնածների կողմից արված անգամ ամենադրական քայլին:
Իսկ ի՞նչ հետեւություն կարելի է անել այս իրողությունից: Կարծում ենք՝ բոլորի համար միանշանակ է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական միավոր (ու ամենեւին պարտադիր չէ` կուսակցություն), որը գործի իրական դաշտում: Ի վերջո, ամբողջ աշխարհում կամաց-կամաց կուսակցությունները վերափոխվում են ակումբների:
Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքական ասպարեզում միմյանց հետ մրցակցության դուրս եկած քաղաքական միավորների քարոզարշավների ընթացքում այնպիսի գաղափարներ ու ծրագրեր են ներկայացվում, որ տպավորություն է, թե նրանք երկնքից նոր են իջել ու չգիտեն՝ ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը:
Բայց միայն իրական ծրագրերի ներկայացումը չէ, որ պետք է լինի այդ նոր, թարմ ուժի խնդիրը: Ակնհատ է, որ Հայաստանի քաղաքական ներկապնակում եղած գրեթե բոլոր կուսակցություններից այս օրերին կա նեղացածների եւ խիստ նեղացածների հոծ բանակ: Պետք է նաեւ նրանց խնդիրը կարգավորել: Ինչպե՞ս` քննարկման հարց է (ելքը կգտնվի), բայց փաստ է, որ չպետք է մարդկանց մեջ լայն տարածում գտած հիասթափության ալիքը տեղափոխվի քաղաքական էլիտա: Անհայտ է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ իրավիճակը: Գոնե քաղաքական էլիտան պետք է հավատա այն գործին, ինչին լծվել է: Այլապես դժվար է ասել, թե օրեցօր դատարկվող մեր երկիրն ինչ վիճակում կհայտնվի տարիներ հետո. այլեւս մարդ էլ չի մնա, որ համոզենք` հավատա:




Լրահոս