«ԵՐԿՐԻ 2/3-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 50-60 ԸՆՏԱՆԻՔԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզարշավը սկսեց Արագածոտնի մարզից: Կոնգրեսի առաջնորդները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ առաջինը եղան Ապարան քաղաքում, բացի այդ, հանդիպեցին Օհանավան, Ուշի գյուղերի ու Աշտարակի բնակիչների հետ:
Իշխանությունները երեկ արել էին հնարավորը, որպեսզի Կոնգրեսի հավաքին հնարավորինս քիչ մարդ մասնակցեր՝ մի մասին ահաբեկելով, մի մասին համոզելով: Նույնիսկ նախընտրական հավաքի ընթացքում Ապարանի եւ Աշտարակի քաղաքապետարանները համատեղ հաղորդագրություն էին տարածել, թե իբր Կոնգրեսի հանրահավաքն անօրինական է, քանի որ իրենց իրազեկում ներկայացրել են միայն առավոտյան: Սակայն ապարդյուն: Նախընտրական առաջին հանդիպումն անցավ բավական ջերմ մթնոլորտում: Նշենք, որ Արագածոտնի մարզի 14 եւ 15 ընտրատարածքներում Կոնգրեսի կողմից առաջադրվել են Արցախյան ազատամարտի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանն ու Մկրտիչ Սափեյանը: Եւ երեկ ելույթ ունեցողները կոչ արեցին քվեարկել ՀԱԿ-ի ու նրա մեծամասնական թեկնածուների օգտին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, թե իրենց իշխանությանը մեղադրել են տարաբնույթ հանցանքների մեջ, բայց իրենք եթե ժամանակին նման արարքներ կատարած լինեին, ապա բաց ճակատով չէին կարողանա ներկայանալ ժողովրդին, հանրահավաք անել: Մինչդեռ, ըստ նրա, երբ իրենք գան իշխանության, մեկ առ մեկ կթվարկեն ներկայիս իշխանությունների արած գողությունները: Բագրատյանի խոսքերով՝ Կոնգրեսն ունի իր ծրագրերը, որոնք ներկայացվել են, ու իշխանության գալուց հետո կիրականացնեն: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ անդրադարձավ նախընտրական շրջանում իշխանությունների առաջարկած ընտրակաշառքին: «Ո՞նց կարելի է սեփական ժողովրդի քվեն գնահատել փողով, իր ժողովրդին սիրող ո՞ր քաղաքական գործիչը կասի՝ փող եմ տալիս, ի՛նձ քվեարկիր»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, թե սեփական ժողովրդին նվաստացնելու, ոգին կոտրելու ավելի դաժան ձեւ չկա: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե Կոնգրեսի օգտին քվեարկելով` ժողովուրդը կքվեարկի իրական փոփոխությունների, արժանապատիվ կյանքի օգտին:
Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ապարանում ահազանգեց, որ Հայաստանը, հայ ազգը պարզապես կործանվում են, ու դա դարձել է գերխնդիր: «Ուղղակի կործանվում, վերանում է աշխարհի քարտեզից՝ մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Եթե մենք մինչեւ հիմա ազգ էինք, որը բաժանված էր երկու մասի՝ Հայաստան եւ Սփյուռք, ապա հիմա երեք մասի է բաժանված՝ Հայաստան, Սփյուռք եւ պանդուխտ: Եւ պանդուխտների թիվն անընդհատ մեծանում է»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, թե Հայաստանում գրեթե չի մնացել միասնական ընտանիք, քանի որ ընտանիքները մասնատված են՝ մի մասը ՌԴ-ում, մի մասն այստեղ: Տեր-Պետրոսյանն ասաց, որ այս իրավիճակը շտկելու բանալին ժողովրդի ձեռքին է, ընդ որում, դրա համար պահանջվում է միայն մեկ բան՝ գնալ ընտրատեղամաս ու քվեարկել խղճի մտոք: ՀԱԿ առաջնորդի խոսքերով` գիշեր-ցերեկ իշխանությունները տարածում են, թե իրենց դեմ «խաղ չկա»: «Սա ամենամեծ սուտն է: Սա փուչիկ է, ձեզ հիպնոսացնելու միջոց: Այո՛, միշտ էլ ընտրակաշառք բաժանվել է, բայց բոլոր ընտրություններում, դրանով հանդերձ, նրանք պարտվել են բոլոր ընտրություններում: Վստահ եմ ես՝ ժողովրդի մեծ մասը կաշառք չի էլ վերցնում, իսկ վերցնողների մի մասն էլ նրանց դեմ է քվեարկում: Այլապես, եթե ընտրակաշառքը նրանց օգներ, ապա այլ միջոցների դիմելու կարիք չէին ունենա, ծեծի, բռնությունների չէին դիմի, բոլոր ընտրական հանձնաժողովներին չէին կաշառի: Այսօր էլ, վստահ եմ, ընտրակաշառքը չի վճռելու ընտրությունների բախտը»,-նշեց նա՝ նկատելով, որ կա՛մ շատ միամիտ, կա՛մ «դեբիլ» պետք է լինել՝ այս իշխանություններին մի փոքր անգամ հավատալու համար: «Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն այսօր երկրում որեւէ անկեղծ ձայն ունի, չկա այդպիսի բան. եթե ինչ-որ ձայներ ստանում են, ապա կա՛մ օգտվում են կերակրատաշտից, կա՛մ պետական պաշտոնյաներ են, որ վախենում են կորցնել աշխատանքը»,-ասաց նա: Անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին` Տեր-Պետրոսյանը նշեց, թե իրենք հավատում են, որ կփոխեն այս իշխանություններին:
Իսկ Աշտարակում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իշխանությունների թալանի ու ձախողումների մասին գիտեն: «Որ թալանում են՝ դուք գիտեք: Բայց գիտե՞ք` ինչքան են թալանում. երկրի հարստության 2/3 մասը պատկանում է ընդամենը 50-60 ընտանիքի: Բյուջեն իբր պատկանում է ժողովրդին՝ 2,5 մլրդ դոլար: Բայց բյուջեից դուրս՝ ամեն տարի գոյանում է դրա կրկնապատիկը՝ 5 մլրդ դոլար, որը մտնում է նրանց գրպանը»,-ասաց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ առավելագույնը 20 հազար դրամ են բաժանում, բայց իշխելու տարիներին ժողովրդից թալանում են նվազագույնը 20 մլրդ դոլար: Նա նշեց, որ դա ոչ թե իր, այլ միջազգային հանրության գնահատականն է, ըստ որի՝ բյուջեի 2/3 չափով ստվեր կա ՀՀ-ում: Իսկ վերջում Տեր-Պետրոսյանը կոչ արեց պարզապես գալ ընտրությունների ու քվեարկել խղճի թելադրանքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս