ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻՑ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՎԵԼ ԽԱՆՈՒԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն իր երեկվա համարում արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Գարիկ Գաբրիելյանին (Գելին) հինգշաբթի օրը պետք է կալանավորեին: Դա չի արվել միայն այն պատճառով, որ զարմիկի համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը:
Սկզբում նշենք, որ Գարիկ Գաբրիելյանը թեեւ իր հաջողությունների ու առաջխաղացումների համար պարտական է հենց Պարգեւ սրբազանին (նա Պարգեւի պրոտեժյեն է), այնուամենայնիվ, գործունեության տարիներին եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից: Նա օրվա որ ժամին երբ ցանկացել, կապվել է Սարգսյանի հետ: Պարզապես իր վերջին գործունեությունը չի ներվել նրան: Ու դա է եղել պատճառը, որ անգամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՈԶ նոր հրամանատարին ներկայացրել է ոչ թե նախորդի` Գարիկ Գաբրիելյանի ներկայությամբ, այլ ՈԶ շտաբի պետի:    
Իսկ ինչո՞ւ է Գարեգին Գաբրիելյանն ազատվել աշխատանքից, եւ ինչպե՞ս է բացահայտվել այդ գործը: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի մի շարք ուժայիններ փսփսում էին, որ Գարիկ Գաբրիելյանը տարաբնույթ գործարքների մեջ է, սակայն փաստեր չկային: Երբ ոստիկանությունը սկսել է համատեղ գործել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, արդեն կարողացել է բացահայտել գործը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գաբրիելյանի ենթականերից մեկը (նրա անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գնացել եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին բոլոր մանրամասներով զեկուցել է, թե ինչ է կատարվում ոստիկանության զորքերում:
Ըստ լուրերի, երբ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանն իմացել է, որ պաշտպանության նախարարությանը որոշակի քանակով զենք-զինամթերք ու տեխնիկա է պետք, որոշել է բանակը տեխնիկայով համալրելուն զուգահեռ նաեւ գումար աշխատել: Նա իր ենթակաների միջոցով կապվել է Երեւանի որսորդական խանութներից մեկի հետ եւ որոշակի քանակությամբ տեխնիկա ու զինամթերք վաճառել նրանց: Իսկ երբ ՊՆ-ն ներկայացրել է իրեն անհրաժեշտ զինատեսակների պահանջ` պատրաստակամություն հայտնելով գնել դրանք ՈԶ-ից, Գարիկ Գաբրիելյանը նրանց, գուցե ոչ անձամբ, պատասխանել է, թե որսորդական խանութներից մեկն իրենցից գնել է պահանջված «ապրանքը»: Այսինքն` Գաբրիելյանը մատնացույց է արել իր վաճառած զենքերը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկնակի գնով մասնավոր ՍՊԸ-ից գնի դրանք: Ըստ դեռեւս ճշտվող լուրերի` տարիներ շարունակ ՈԶ-ն աշխատել է որսորդական տարբեր խանութների հետ` հաճախ ապրանքները վերավաճառելու ճանապարհով:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գործը գուցե էլի չբացահայտվեր, եթե Գարիկ Գաբրիելյանը շռայլ գտնվեր ու «կողմերին» բաժին տար գոյացած հասույթից:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ՈԶ-ից որոշակի զինատեսակներ ու տեխնիկա գնել է Մամիկոնյանց փողոցում գտնվող «Ասպար» որսորդական խանութը: Ըստ լուրերի` խանութի երեք սեփականատերերից մեկը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, դաշնակցական Արթուր Աղաբեկյանն է: Ու հավանաբար հենց այս հանգամանքն է պատճառը, որ վերջին օրերին ՈԶ-ից տեխնիկայի կատարված առքուվաճառքը կապվում է Դաշնակցության հետ: Ու երբ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ մեծաքանակ զենք է վաճառվել դաշնակցականներին, նա խիստ բարկացել է եւ ոչ մի կերպ չի ներում իր երբեմնի հավատարիմ Գարիկ Գաբրիելյանին: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գաբրիելյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն Սարգսյանը չի ընդունել նրան:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ. մարտի 3-ից քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար: 2012թ. մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ գործով այլ անձինք առայժմ չեն անցնում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հետ` ճշտելու, թե որքանով է մեր տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Պարզվեց, որ «Ասպար» որսորդական խանութի սեփականատերերն Աղաբեկյանի ընկերներն են, եւ ինքը որեւէ բաժնեմաս չունի այնտեղ: Հարցին, թե ՈԶ հրամանատարի տեղակալի` Մանուկյանի գործով վերջին շրջանում Հատուկ քննչական ծառայությունը չի այցելել խանութ` սեփականատերերին ու աշխատակիցներին հարցաքննելու, Աղաբեկյանը պատասխանեց. ««Ասպար» ՍՊԸ-ն ոստիկանության զորքերից վերջերս էկոտուրի համար երկու զրահապատ ԲՏՖ մեքենա է գնել` այն էլ դուրս գրած: Իմ ընկերների խանութի առնչությունը ձեր նշած գործին ընդամենն այդքանով ավարտվում է: Գնել են մի տեխնիկա, որը նաեւ ՀՔԾ քննիչներն են գնացել, տեսել»: Ու թեեւ մեր աղբյուրներն ասում էին, որ որսորդական խանութը բավականին լուրջ արտոնություններ ունի, եւ նրանք ամենատարբեր տեսակի զենքերի առքուվաճառքով զբաղվելու իրավունք ունեն, այնուամենայնիվ, Աղաբեկյանն ասաց, որ իր ընկերները, բացի որսորդական զենք գնելուց, այլ իրավունքներ չունեն:
Հիշեցնենք, որ այս պատմության մեջ մատնանշվում է նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, ում օրոք տեղի է ունեցել այս գործարքը: Իհարկե, ինքը` Ա. Սարգսյանը, հայտարարեց, թե ոչնչից տեղյակ չէ, այնուամենայնիվ, դա նրան չի ազատում պատասխանատվությունից: Ի վերջո, իր ղեկավարած գերատեսչության ներսում է զենքերի ապօրինի առքուվաճառք տեղի ունեցել:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս