ԱՄԱՉՈՒՄ Է ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Սամվել Ֆարմանյանը` Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Հայաստանի հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենը, էլեկտրոնային կայքերում ներկայացրել է իր նախընտրական բլոգը` ի ցույց դնելով արդիական նախընտրական տեխնոլոգիաների իր իմացությունը:
Իսկապես, հետաքրքիր ու ժամանակակից է ընտրողներին սեփական անձը ներկայացնելու մեթոդաբանությունը: Այստեղ Ս. Ֆարմանյանը մանրամասնորեն ներկայացրել է իր կենսագրությունը` հիշատակելով, որ ծնվել է 1978թ. փետրվարի 8-ին Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում: Կարեւորություն չտանք այն հանգամանքին, որ 1978-ին Շիրակի մարզ գոյություն չուներ, իսկ Սպանդարյան գյուղն էլ համարվում էր Արթիկի շրջանի գյուղերից մեկը: Բայց հիշենք, որ սա այն գյուղն է, որտեղից սկիզբ է առնում Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը, քանի որ նրա հայրը ծնունդով այս գյուղից է: Եւ Սամվել Ֆարմանյանի ներկայությունն էլ արդի քաղաքական դաշտում եւ իշխանական աստիճանակարգում պայմանավորված է հենց այս գյուղով:
Մանրամասնորեն ներկայացնելով իր կենսագրության ամեն մի փաստ ու հանգամանք` պատգամավորության թեկնածուն «մոռացության» է տվել անչափ կարեւոր կենսագրական փաստեր: Նա չի նշել, որ 2003թ. եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ավելին, ղեկավարել է այդ կուսակցության երիտասարդական կառույցը եւ համարվել ՕԵԿ-ի ակտիվ դեմքերից մեկը: Ս. Ֆարմանյանը նշել է, որ 2005-2006թթ. աշխատել է որպես ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական` արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի գծով: Բայց նա երբեք ԱԺ նախագահի խորհրդական չէր աշխատի, եթե չլիներ ՕԵԿ երիտասարդական թեւի ղեկավարն ու Արթուր Բաղդասարյանի մտերմագույն մարդկանցից մեկը: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը «քցեց» նաեւ իր ամբիցիոզ համագյուղացուն, Սամվել Ֆարմանյանը հեռացավ ՕԵԿ-ից, դարձավ ՄԻԱԿ-ի անդամ, ապա ՄԻԱԿ գլխավոր քարտուղար: Սակայն Ֆարմանյանն այս մասին էլ ոչինչ չի գրում իր կենսագրության մեջ: Եթե չի նշում, որ աշխատել է վարչապետ Սերժ Սարգսյանի կաբինետում որպես մամուլի քարտուղար, կարծես հասկանալի է, բայց թե ինչու է թաքցնում այն, որ դարձել է ՄԻԱԿ-ի առաջնորդը… Ինչպես նկատում ենք, այս երիտասարդը խույս է տալիս իր կուսակցական անցյալից, հիշատակում է միայն այն, որ ՀՀԿ անդամ է: Հետաքրքիր հոգեբանություն է, այնպես չէ՞: Մի հանգամանք էլ. բանակում չծառայած Ֆարմանյանը հիշատակել է, որ արժանացել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալին: Հետաքրքիր է` ինչի համար…

Ն. Լ.




Լրահոս