Հայոց բանակում վիրավորված զինծառայող Գեւորգ Եղիազարյանի մայրը` տիկին Նաիրան, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ` տեսակցելու ծանր վիրավորված Գեւորգ Եղիազարյանին: Մոր խոսքերով` Գեւորգը, որը չի կարողանում խոսել, միայն շրթունքներով է մի կերպ հասկացնում` ինչ է ուզում, ուրախացել է ՊՆ փոխնախարարի այցից: «Այդ այցը նոր լիցքեր հաղորդեց, քանի որ Գեւորգը նույնիսկ մեզ չէր հավատում, որ երբեւէ կբուժվի: Բայց այցից հետո փոխվեց` ճնշումը կարգավորվեց, ուրախացավ»,-ասաց զինվորի մայրը:
Հիշեցնենք, որ Գեւորգը վիրավորվել է հյուսիսարեւելյան` Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում եւ հիմա գտնվում է Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրա բուժման համար անհրաժեշտ է 77 հազար եվրո: «Փոխնախարար Տոնոյանը մեզ ասաց, որ մի քանի օր էլ սպասեք, պատասխանը կտանք: Ասում էր` չեն մերժի, միայն մտածում են` դրսից բժիշկ հրավիրեն Հայաստան, թե հիվանդին տեղափոխեն Եվրոպա»,-«Ժողովուրդ»-ին պատմեց զինծառայողի մայրը` տիկին Նաիրան` նկատելով, որ Հայաստանում վերականգնողական կենտրոն չկա, ինչը վիրահատությունից հետո շատ է անհրաժեշտ Գեւորգին: «Մենք պնդում ենք, որ դուրս տանեն տղայիս»,-ասաց նա:
ՎԵՐՋԱՊԵՍ ԱՅՑԵԼԵՑ ԶԻՆՎՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ