ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տուն ենք առել, հետո պարզվել ա, որ մեր տունը 10 տեր ունի»,-երեկ այս խոսքերով իր դժգոհությունը հայտնեց Արամի փողոցի նախկին բնակիչ Սոնա Մաղաքյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Հիշեցնենք, որ Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքերի դեռ շահագործման չհանձնված բնակարաններն արդեն իսկ վաճառվել են, ընդ որում, միաժամանակ մի քանի տարբեր քաղաքացիների: «Շենքի 172 բնակարաններն արդեն ունեն 700 սեփականատեր: Պետական պաշտոնյաների կողմից աշխատել ա տեղը տեղին ռեկետ: Ամենամեծ ռեկետ կատարողը եղել է Երվանդ Զախարյանը»,-ասաց Սոնա Մաղաքյանը: Ակցիայի ժամանակ բողոքող անձնակազմին մոտեցավ մի մարդ, որը, ըստ Սոնա Մաղաքյանի, ՀՀ նախագահի աշխատակազմից էր: Վերջինս, դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին, հարցրեց, թե նոր բան կա ասելու, որին ի պատասխան` Սոնա Մաղաքյանն ասաց, որ իրենց բնակարաններն են: «Մենք պահանջում ենք` վե՛րջ թուրքերին, վե՛րջ ռեկետին, թող ներքին թուրքերը հեռանան: Հայը հայի նկատմամբ նման բան երբեք չէր անի»,-ասաց Մաղաքյանը: Վերջինս պնդում է, որ տեղի ունեցածի հիմնական մեղավորները ՀՀ արդարադատության նախարարության մի քանի աշխատակիցներ են, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիային մասնակցում էին 15-20 բնակարանատերեր: Սոնա Մաղաքյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց նաեւ, որ մի քանի անգամ իրեն առաջարկել են միայն իր բնակարանի խնդիրը լուծել` պայմանով, որ Մաղաքյանը կհրաժարվի գլխավորել անտուն մնացած սեփականատերերին:




Լրահոս