“Ինձ համար հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո հնարավորություն է լինում գալ հայրենիք ու ոգեշնչվել”,-այս մասին այսօր լրագրողների հետ հադիպմանը ասաց Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:Անդրադառնալով վերջին հաղթանակներին բռնցքամարտիկը նշեց “Ֆարիասի դեմ մենամարտը համեմատաբար հեշտ անցավ, իսկ վերջին մենամարտը լեհ մարզիկի հետ ավելի բարդ ստացվեց, շատ չարչարվեցի, բայց կարևորը, որ հաղթեցի: Այս հաղթանակը թույլ տվեց ինձ որակավորվել: Հաջորդը Ջորջ Գլոբս-Ռոբերտ Շտիգլից զույգի հաղթողի հետ է լինելու` օգոստոսին”: “Հայաստանի հետ կապված մեծ ծրագիր ունեմ, ներքին Չարբախում մշակույթային կենտրոն ենք բացելու: Դա տևական ժամանակ է պահանջում: Հատուկ “Ներքին Չարբախ” հիմնադրամ ենք բացել ու աշխատում ենք Գերմանիայի հետ: Այժմ միայն բռնցքամարտի մասին եմ մտածում, իսկ դա կանենք մի քանի տարի հետո”:Հայտնի դարձավ նաև, որ ամեն անգամ Արթուրն իր հաղթանակած ձեռնոցները նվիրում է հիմնադրամի, որն այդ ձեռնոցներից ստացված եկամուտով օգնում է հիվանդ երեխաներին:Աբրահամին հարց ուղղվեց նաեւ անձնական կյանքի վերաբերյալ. “Անձնական կյանքում անակնկալ կա, որի մասին շուտով կասեմ”:
Արթուրն ընդգծեց նաև, որ Հայաստանում կան բաներ, որոնք իր դուրը չի գալիս: Մասնավորապես, նա նշեց փողոցների ոչ մաքուր վիճակը. “Եթե կեղտոտողներին 5 կամ 10 հազար դրամ տուգանեն, ապա նրանք հաջորդ անգամ չեն կրկնի”: