ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ երեկ, կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեծագույն արվեստագետ, մանրաքանդակի անզուգական վարպետ Էդուարդ Ղազարյանը: Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները Էդուարդ Ղազարյանը ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող էր դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Ստեղծագործական բազմաթիվ տարիների ընթացքում Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
Էդուարդ Ղազարյանը տաղանդավոր երաժիշտ է և ջութակի վարպետ-նորարար: Նրա շնորհիվ նորից կյանքի է կոչվել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Նա հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք: