ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇՈՒՐՋ ԿՐԿԻՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ծրագրի շուրջ կենացները գնալով քաղցրանում են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ որոշում է ընդունել՝ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության վերսկսման հարցերով բանակցային խումբ ստեղծելու մասին: Ըստ այդմ, խումբը պետք է բանակցություններ վարի Եվրասիական զարգացման բանկի հետ՝ ծրագրի չորրորդ փուլը սկսելու համար:

Խմբի ղեկավարն է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, այնտեղ ընդգրկված են ՀՀ տրանսպորտի փոխնախարար Ա.Առաքելյանը, արդարադատության փոխնախարար Ա.Գեղամյանը, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության մի շարք այլ պաշտոնյաներ:
Հովիկ Աբրահամյանի երեկվա որոշումն ուշագրավ է այն առումով, որ ծրագրի իրականացումն ի սկզբանե ուղեկցվել է տարաբնույթ սկանդալներով: Ու հիմա կառավարությունը փորձում է իրավիճակը փրկել՝ համոզելով շարունակել ծրագրի հերթական փուլը:
Թեեւ Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին նոր միայն: Այդ ընթացքում ՀՀ կառավարությունն իբր մրցույթներ էր անցկացնում, եւ վերջապես հաղթեց իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը: Չար լեզուների պնդմամբ, այդ ամենի հետ որոշակի առնչություն ուներ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Հայտնի փաստ է, որ Տիգրան Սարգսյանը լուրջ կապեր ունի Իսպանիայում. ի վերջո, մինչեւ Տիգրան Սարգսյանի՝ վարչապետ դառնալը, նրա ընտանիքը բնակվում էր իրենց իսպանական առանձնատանը:
Շինաշխատանքների ձգձգումն անհետեւանք չմնաց. առաջին փուլի համար հատկացվել էր 170 մլն դոլար, եւ չօգտագործված վարկի հանրապետական բյուջեն ստիպված էր պայմանագրով նախատեսված տույժ վճարել՝ տարեկան չծախսված գումարի 0.15 տոկոսի չափով: Միայն մեկ տարվա համար տույժը կազմել էր 300 հազար դոլար:
Հաջորդ սկանդալը եղավ ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում. ավտոճանապարհի շինարարության մեկնարկից մեկ տարի անց՝ 2013թ. հունիսի 1-ին ՎՊ խորհրդի նիստում քննարկվեցին ու հաստատվեցին ստուգումների արդյունքները: Ըստ ՎՊ հաշվետվության՝ ստուգումների արդյունքում պարզվել էին լուրջ չարաշահումներ, որոնք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը որակել էր «ուղղակի խայտառակություն», որոնք անգամ անզեն աչքով են նկատելի. ճանապարհի հիմքում 3 սմ քարեր օգտագործելու փոխարեն օգտագորվել են 30 սմ քարեր, օգտագործված բետոնը չի համապատասխանել հաստատված չափանիշներին, չի իրականացվել ջրահեռացում, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝ չկատարելով համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունները: Եվ այդ ողջ անորակ աշխատանքն իրականացրել էր իսպանական շինկազմակերպությունը: ՎՊ-ն էլ մեկ ամիս ժամանակ էր տվել կառավարությանը՝ ձեռնամուխ լինել թերությունները շտկելու համար: ՎՊ նախագահը բացահայտումները ներկայացրել էր Սերժ Սարգսյանին, որից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանն ազատվեց աշխատանքից:
Եվ ահա, այդ սկանդալից հետո ի հայտ եկավ երրորդ տհաճ փաստը. 2013թ. նոյեմբերից տեւական ժամանակով դադարեցվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը՝ անհայտ պատճառներով: Միայն գարնանը այն վերսկսվեց, եւ թափ առավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հրաժարականից հետո:
Նշենք, որ 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող Բավրայի անցակետին: Ճանապարհի կառուցումն արժե 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Աշխատանքները նախատեսված է ավարտել 2019թ:
Հետաքրքիր է՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք նման սկանդալները շարունակական կլինե՞ն, թե՞ այնուամենայնիվ վերջ կտրվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ամենաթողությանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին ներկա է գտնվել «Բազե-2014» երիտասարդական ճամբարի փակման արարողությանը, իսկ հաջորդ օրն այցելել «Միասին-2014» ֆորումի մասնակիցներին: Այս միջոցառումներին նրա ներկայությունն ամենեւին էլ պատահական չէ. բանն այն է, որ «Բազե» ճամբարի իրական կազմակերպիչը ՀՀԿ երիտթեւի ղեկավարությունն է, եւ «Բազե»-ն համարվում է ՀՀԿ-ական միջոցառում: Իսկ «Միասին» ֆորումն անցկացվում է Ս.Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի ընկերների հիմնած ՄԻԱԿ կուսակցության նախաձեռնությամբ: Ընդ որում, ՀՀԿ երիտթեւի եւ ՄԻԱԿ-ի միջեւ հարաբերությունները բավականին լարված են ու նրանք իրար դեմ ներքին պայքարի մեջ են: Պատահական չէ, որ անգամ ամառային ճամբարները՝ «Բազե»-ն ու «Միասին»-ը, գրեթե միաժամանակ են անում: Իսկ Ս.Սարգսյանն այսպես փորձել է հավասար վերաբերմունք ցուցաբերել:

 

ԹԱՆԿ Է
Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Անգամ պաշտոնական վիճակագրության մեջ է երեւում, որ գնաճն այդպես էլ նվազման միտումներ չի ցուցաբերում: Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել 3.4 տոկոս գնաճ: Նույն տվյալների համաձայն՝ միայն հուլիսին գնաճը նախորդ տարվա հուլիսի համեմատ եղել է 0.4 տոկոս: Նշենք, որ այստեղ դեռեւս չեն հաշվարկվել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ու դրա հետեւանքով շատ այլ ապրանքների թանկացումը:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՀՈՐ ԶԵՆՔՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց իրավիճակ է ստեղծվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Կեսօրին՝ ժամը 12-ի սահմաններում, հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 17 տարեկան մի տղա, իսկ ավելի ուշ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշթղաներով հիվանդանոց են բերել մի տղամարդու, ով, ըստ լուրերի, տղայի հայրն է եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երիտասարդ տղան հոր զենքով փորձել է ինքնասպանություն գործել: Իսկ թե ինչու են հորը ձեռնաշղթաներով ուղեկցել հիվանդանոց «Ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց:

 

ՄԻԱԿ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՉԷ
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը, ով Ռուսաստանյան «Բաշնեֆտ» նավթային ընկերության մասնավորեցման գործով քննության շրջանակներում կալանավորվել էր, պարզվում է՝ այս գործի շրջանակներում միակ ձերբակալվածը չէ: Ըստ ԼՁԸՀ-ՁԸհհ-ի՝ քննության ընթացքում որոշվել է որպես մեղադրյալ ներգրավել նաեւ «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախմետովին: Նա էլ մեղադրվում է «Բաշնեֆտի» մասնավորեցումից ստացված ապօրինի միջոցների օրինականացման եւ վատնելու մեջ:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանն էլ մեղադրվում է փողերի վատնման եւ օրինականացման մեջ:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀՀ եզդիաբնակ համայնքներում դեռ շարունակվում է Իրաքի հյուսիսային հատվածում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու համար սկսված դրամահավաքը: Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց, որ Իրաքում եզդիների վիճակը գնալով ավելի է վատթարանում: «Գյուղերից տեղահանում են մարդկանց. տղամարդկանց սպանում են, իսկ կանանց ու երեխաներին բռնաբարում են, ապա վաճառում սեւ շուկայում»,-ցավով արձանագրեց Թամոյանը: Ի դեպ, Աշխարհի եզդիների միության նախագահից տեղեկացանք նաեւ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես խոստացել է օգնել եզդիներին: Սակայն մինչեւ հիմա արձագանք չկա:

 

ՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները վաղը գործարանի մոտ ցույց են անելու: Այդ մասին Aravot.am-ը տեղեկացել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ամոնիակի սինթեզի արտադրամասում հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանից: «Վաղը գործարանի մոտ ցույց ենք անելու: Արմեն Մովսիսյանի հետ դեռ չենք կապվել: Մեր տնօրենը եկել է, ուզում ենք մի հատ իրեն տեսնենք ու արդեն կտրուկ քայլերի ենք դիմելու»,-հայտնել է Հրաչիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ իրենք աշխատավարձ էլ դեռ չեն ստացել:

 

ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ
«Աէրոֆլոտ» ընկերությունը երեկ հայտնել է, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում լկտի վարքագիծ դրսեւորած ադրբեջանցին չվերթից չի հեռացվել, քանի որ հայկական կողմը մերժել է ընդունել աղմկարարին: Հիշեցնենք, որ Դուբայ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը օգոստոսի 26-ին՝ 05:20-ին, Երեւանի օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ ադրբեջանցի ուղեւորներից մեկը թմրանյութային հարբածության վիճակում ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել. բղավել է երեխաների վրա, չի ենթարկվել բորտ-ուղեկցորդուհիներին, տղամարդկանց հետ կոնֆլիկտի մեջ է մտել: Հայաստանում նրան հանգստացնող դեղ են ներարկել, ձեռնաշղթա հագցրել եւ կրկին նստեցրել ինքնաթիռ՝ թռիչքը շարունակելու:

 

ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանրի արտադրությունը, եւ միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Այսօր արդեն հայտնի է, որ խնդիրը կարգավորված է եւ ընկերությունը կրկին կարող է «ԼՈՌԻ» պանիր արտադրել:

 

ԷԼԻ ՀԱՐԿԱԴԻՐ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարկադիր աճուրդի է հանել «Միկա» մարզահամալիրը: Համապատասխան հայտարարությունը զետեղված է ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքի՝ աճուրդի հանված գույքի բաժնում: Աճուրդը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 25-ին, եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 4-ը: Համալիրի մեկնարկային գինը 9 միլիարդ 45 միլիոն դրամ է: Այս պահի դրությամբ գնման որեւէ առաջարկ ներկայացված չէ:
Նշենք, որ համալիրը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում: Ունի մարզական կոմպլեքս, չորս հարկանի, նկուղ, պատերը՝ քարե, առաջին հարկի ճակատային հատվածը պատված է սրբատաշ քարե սալերով… շենքի ավարտվածության աստիճանը՝ 80%:

 

 




Լրահոս