ԱՌԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս  նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել եւ բոլոր որոշումները կայացվել են ՀՀԿ-ի կողմից: Տարօրինակ է, բայց  նորագիր ԲՀԿ-ականի այդ հայտարարությունն ամենից ցավագինն ընդունեց Հանրապետական կուսակցությունը, որի մամուլի խոսնակը փորձեց «թասիբի» գցել ԲՀԿ առաջնորդին` ասելով, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի մասին ավելի լավ կարծիքի է: ՀՀԿ այլ ներկայացուցիչներ եւս շտապեցին հերքել Օսկանյանի ասածները` ընդգծելով անցած տարիների ընթացքում իշխող կոալիցիայի կողմից ընդունված բոլոր որոշումներում ԲՀԿ ազդեցիկ դերակատարությունը: Այսինքն, մենք ականատես  եղանք մի պարադոքսալ իրավիճակի, երբ  մի ուժի ներկայացուցիչ ասում է` մենք մարիոնետ ենք, իսկ նրա քաղաքական մրցակիցը` հակառակը, ջանք չի խնայում ընդգծելու այդ ուժի կարեւորությունը:  Որն է այդ պարադոքսի բացատրությունը: Իրականում այն շատ պարզ է: Որքան էլ որոշ փորձագետներ պնդեն, թե Օսկանյանը ԲՀԿ է մտել Քոչարյանի քվոտայով, ուստի նրան ներվում է որոշակի անկախությունը, կամ էլ ասեն, թե` Օսկանյանը դեռ լավ չի յուրացրել ԲՀԿ վարքականոնը եւ տեղյակ չէ, որ ասած ամեն բառը պետք է համաձայնեցնի Ծառուկյանի հետ, կասկածից դուրս է, որ  Օսկանանի հայտարարությունն ամբողջովին համաձայնեցված էր ԲՀԿ առաջնորդի հետ: Ավելին, չի բացառվում, որ ԲՀԿ ղեկավարությունը հատուկ  է որոշել կոալիցիայում իր նվազ դերակատարության մասին հայտարարել հենց Օսկանյանի շուրթերով, քանի որ վերջինս այդ ողջ ընթացքում քաղաքականությունից դուրս էր, եւ նրա գնահատականը կարող է չնույնացվել ԲՀԿ պաշտոնական տեսակետի հետ:  Իսկ նպատակը մեկն էր` ձերբազատել «Բարգավաճ Հայաստանին» անցած 5 տարիների ընթացքում կոալիցիայի ձախողված գործունեության  պատասխանատվությունից:
Նկատենք, որ նման գործելաոճը ԲՀԿ-ի համար նորություն չէ. այդ կուսակցությունը անցած տաիներին, լինելով իշխանության մեջ, մշտապես խուսափել է պատասխանատվությունից: ԲՀԿ-ն ժամանակ առ ժամանակ դրսեւորել է ամենաարմատական ընդդիմությունից էլ առավել ընդդիմադիր կեցվածք, սակայն կանչվելով նախագահական նստավայր` համապատասխան խոսակցության, ի վերջո, հետ է կանգնել ասածներից` այդպիսով շարունակելով մնալ ни рыба. ни мясо կարգավիճակում: Այսինքն, այնպես չի եղել, որ ԲՀԿ-ն ձեւական  ազդեցություն է ունեցել կոալիցիայում, պարզապես այդ ազդեցությունը օգտագործել է բացառապես  իշխանական կարկանդակի իր մասնաբաժինն անհոգ ուտելու համար: Եվ ԲՀԿ-ի այսօրվա ընտրական կարգախոսը` «Հավատա, վստահիր, պահանջիր», ըստ էության  համահունչ չէ կուսակցության անցած տարիների քաղաքական վարքագծին: ԲՀԿ-ին կարելի է հավատալ, վստահել, սակայն պահանջել` ոչ, քանի որ պահանջում են այն ուժից, ով հայտարարում է, որ ինքը պատասխանատու է: Եւ ինչպես նկատել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ԲՀԿ-ի կարգախոսը պետք է փոխել. հավատա, վստահիր, բայց պահանջիր Հանրապետականից:




Լրահոս