ԳՅՈՒՄՐԻՆ ԷԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ երեկ լուրեր շրջանառվեցին, որ ապրիլի 12-ին Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանի փեսա Կարեն Եսայանին սպանել են խանդի հողի վրա, այնուամենայնիվ, աներն այդ կարծիքին չէ: «Խանդի խնդիր չկա, դա սուտ է, որովհետեւ խանդի խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ իրար ճանաչում են կամ գոնե մի անգամ բարեւ են տվել: Ի՞նչ խանդ, խանդը սարքովի է: Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են,-երեկ հայտարարել է Վարդան Ղուկասյանը` ավելացնելով,-այդ երիտասարդը` իր ընտանիքով, շրջապատով, ԲՀԿ-ական են: Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ: Սա էլ նույն սցենարի նման մի բան է»:
Իսկ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ պատմությունը բացարձակ կապ չունի ԲՀԿ-ի հետ: Իրենք ո՛չ կուսակցական են, ո՛չ էլ նրանց ընտանիքի անդամներն են կուսակցական: Ինձ համար անհասկանալի է քաղաքապետի պնդումը: Մենք մեր քարոզարշավով ենք զբաղված: Դժբախտությունը կապել քաղաքականության հետ, չի կարելի: Ուղղակի էդ մարդը հենց տրամադրություն չի ունենում, մեկին մեղադրում է»: Ի դեպ, ձերբակալված Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ իր որդուն ձերբակալել են ԲՀԿ շտաբ մտնելու համար, նա կապ չունի սպանության հետ:




Լրահոս