ԸՆԴԴԵՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հինգշաբթի օրը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿՆ Արմեն Գեւորգյանը այցելել են Սեւան` հանդիպելու ՀՀԿ շտաբի անդամների հետ: Այստեղ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի պատասխանատու Ալիկ Պողոսյանին` Լոբի Ալիկին, հանձնարարել է. «Ես չգիտեմ` ով ինչ, բայց քաղաքական պայմանավորվածություն կա, որ պաշտպանում ենք ԲՀԿ-ի թեկնածուին` Էդուարդ Սահակյանին»: ՀՀԿ-ականների մի մասն անակնկալի է եկել, քանի որ չունենալով մեծամասնական թեկնածու` նրանց մի մասն այնտեղ սկսել էր աշխատել ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանի համար:
Իսկ ինչո՞ւ է Աբրահամյանը դուրս եկել ՕԵԿ-ի դեմ: Քանի որ Կարեն Բոթոյանի «աներ հայրիկը»` Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ), գնացել եւ աջակցություն է խնդրել Ռուբեն Հայրապետյանից (Նեմեց Ռուբո), ՀՀԿ շտաբի պետը բարկացել է, քանի որ Աբրահամյանն ու Հայրապետյանը միմյանց հետ չեն խոսում: Եւ եթե Կարեն Բոթոյանը չլիներ Շինանյութի փեսան, գուցե ավելի հեշտ հաղթահարեր ընտրական խոչընդոտները:
Երբ փորձեցինք կուսակցության ներսի վիճակի ու դիրքորոշման մասին հետաքրքրվել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, վերջինս ասաց, թե այս ամենի մասին մեզանից է լսում, տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ 2007թ. թեեւ Սերժ Սարգսյանն անձամբ էր հայտարարել, որ ՀՀԿ-ն սատարում է վաղամեռիկ Մելիք Գասպարյանին, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը ներքին կարգով սատարում էր ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանին` ի վերջո, կարողանալով նրան դարձնել ԱԺ պատգամավոր:




Լրահոս