Քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանից 2012-ի ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է գովազդային պաստառները տեղադրելուն: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Անուշավան Նիկողոսյանը նշել է, որ “ԷԳԱ” ՍՊ ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ վերջինիս պատկանող, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում գտնվող գովազդային վահանակներին իր նախընտրական գովազդային պաստառները տեղադրելու վերաբերյալ: 2012թ. ապրիլի 8-ին հիշյալ ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանը, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, մեկնել են Տաշիր քաղաք: Պատգամավորի թեկնածուն հայտնել է, որ ժամը 18:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Կ. Գոգյանը՝ ասելով, որ Տաշիր քաղաքում պաստառը տեղադրելու ընթացքում մի քանի անձանց ուղեկցությամբ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը և հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել դրանք:Կ. Գոգյանը և Ա. Մանուկյանն հերքել են Նշան Սողոյանի կողմից սպառնալու և քաղաքից հեռանալու պահանջ դնելու մասին Անուշավան Նիկողոսյանի ներկայացրած հանգամանքը:
Վերջիններս հայտնել են նաև, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը պահանջել է ներկայացնել գովազդը տեղադրելու թույլտվությունը և դրա հիմքերի վերաբերյալ փաստաթղթեր: Տեղեկանալով, որ դրանք բացակայում են՝ առաջարկել է դադարեցնել աշխատանքները և դրանք շարունակել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:Նյութերի նախապատրաստման ընթացքում Նշան Սողոյանի կամ մեկ այլ անձի կողմից Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզչական պաստառը փակցնելու, նրա ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորությամբ ապօրինաբար խոչընդոտելու, ինչպես նաև Ա. Մանուկյանին և Կ. Գոգյանին սպառնալու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այլ հիմնավորվել է, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, իրականացնելով իր պաշտոնական լիազորությունները, փորձել է պարզել գովազդային պաստառը փակցնելու հիմնավորվածությունը, դրա առնչությամբ որևէ մեկին սպառնալիքներ չի տվել և ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք չի կատարել:2012-ի ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ գլխավոր դատախազություն




Լրահոս